Հայաստանի ներքին շուկայում գազի գների հստակեցման հարցը ռուսական ընկերության իրավասության շրջանակում չէ
Մեր զրուցակիցն է Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը
– Պարոն Սիմոնով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հանդիպման ընթացքում Հայաստանի համար գազի սակագնի զեղչի պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն գազը սպառողի համար ավելի մատչելի չի լինի, քան նախկինում, ինչն էլ որոշակի կասկածների առիթ է դարձել։ Որոշ տեսակետների համաձայն` սա պարզապես ցուցադրական քայլ է «Գազպրոմի» կողմից` ապացուցելու համար, որ ԵՏՄ-ն, այնուամենայնիվ, ունի որոշակի առավելություններ Հայաստանի համար։ Ի՞նչ նպատակի է ծառայում գազի գնի իջեցումը, որը սպառողի համար նշանակություն չի ունենալու։
– Որոշում է կայացվել իջեցնել գազի գները, և դա «Գազպրոմի» ընդհանուր ռազմավարությունն է` այս փուլում` հաշվի առնելով այն, որ նախորդ ընթացքում կտրուկ անկում էին ապրել նավթի գները համաշխարհային շուկայում։ Այսինքն` «Գազպրոմի» քաղաքականությունը հնարավորինս անկեղծ է, նավթի գինը բարձրանում է, համապատասխանաբար` պետք է բարձրանա գազի գինը, նավթի գինը նվազում է, նվազում է նաև գազի գինը, այսինքն` ամեն ինչ արդարացի է։ Հայաստանի համար գազի գնի նվազումն առնչություն չունի ո՛չ ԵՏՄ անդամակցության և ոչ էլ արժութային ճգնաժամի հետ` ուղիղ կերպով, այլ` նավթի գնանկման։ Ինչ վերաբերում է սպառողի համար գազի գնին, ապա դա պետք է որ հասկանաք, ոչ այնքան «Գազպրոմի» որոշելիքն է, որքան ՀՀ Կառավարության և համապատասխան ներքին հանձնաժողովների որոշումը։ Ուստի ես դեմ եմ, որ այս հարցերը կապենք հայ-ռուսական գործակցության և Եվրասիական տնտեսական միության հետ։
– ՀՀ Կառավարություն, ներքին հանձնաժողովներ ասելով` նկատի ունեք «ՀայՌուսգազա՞րդը», որի պետական բաժնեմասի վերջին 20%-ն այլևս պատկանում է «Գազպրոմին»։
– Ես գիտեմ, որ «Գազպրոմը» տիրապետում է «ՀայՌուսգազարդ» ընկերությունը։ Հայաստանի ներքին շուկայում գազի գների հարցը ռուսական ընկերության իրավասության շրջանակում չէ։ Տարիֆները կարգավորվում են ներքին` Հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովի որոշումներով, և ես կարող եմ վկայակոչել այն դրդապատճառները, որոնց ազդեցության ներքո սպառողի համար գազի գինը չի իջնում։ Գազի գինը բնակչության համար դոտացիայի է ենթարկվում, այդ պրակտիկան բնորոշ է շատ հետսովետական երկրների։ Չնայած գազի գնի նվազմանը, սպառողին գազ մատակարարելն այդքան էլ շահավետ չէ, մեղմ ասած, ուստի հարց է առաջանում, թե ինչո՞ւ պետք է նվազում տեղի ունենա, եթե, միևնույն է, այդ ոլորտն առանց այն էլ հանդիսանում է դոտացիոն։ Այնպես որ, ես չէի փորձի սա կապել եվրասիական ինտեգրացիայի հետ։
– Երբ սպառողի համար գազի գինը չի իջնում, բայց այն ներկայացվում է` որպես արտոնություն, հարց է առաջանում` ինչո՞ւ է այդ մասին ընդհանրապես բարձրաձայնվում։ Որոշ վերլուծաբանների մոտ տեսակետ է ձևավորվում, որ դրանով փորձ է արվում «ծածկել» ԵՏՄ վնասները։
– Ես համաձայն եմ, որ այդ պրոյեկտների զարգացման ճանապարհը պարզ չէ, տարաձայնություններով և դժվարություններով լի է, ծանր է, բայց գազի գներն այդ ամենի հետ կապ չունեն։ Հայաստանի համար գազի գներն ավանդաբար ամենաէժաններից են եղել աշխարհում։ Ռուսաստանն առավել էժան գազ է մատակարարում միայն Բելառուսին։ Ուստի հայերը, Հայաստանը, անկեղծ ասած, մեր գազի գներից բողոքելու, դժգոհելու առիթ չեն ունեցել և այսօր էլ չունեն։ Մնացած բոլոր դժգոհությունները պետք է ուղղել ՀՀ կառավարությանն ու պատկան մարմիններին։