Բաժիններ՝

Ալ Պաչինո. «Ինձ փողը չի հետաքրքրում: Ես շատ հաճախ եղել եմ գործազուրկ». The guardian

74-ամյա աշխարհահռչակ դերասան Ալ Պաչինոն The Guardian-ում պատմել է իր ընտանիքի, երեխաների, աշխատանքի նկատմամբ իր սիրո, ինչպես նաև իրեն համբավ բերած Մայքլ Կոռլեոնեի առեղծվածային դերի մասին:

«Ես սովորել եմ ապրել առանց անունի: Արդեն մի քանի տարի է՝ ես չեմ եղել մթերային խանութում կամ մետրոյում: Իմ երեխաների համար դժվար է ինձ հետ դուրս գալ հանրության մեջ: Փառքը հիմա տարբերվում է 20 տարի առաջվա փառքից. ես չգիտեմ, գրողը տանի, թե ինչ դժոխք է հիմա: Եթե ես ունեմ ազատ ժամանակ ինչ-որ տեղ գնալու, որտեղ ինձ չեն ճանաչում, դա շքեղություն է:

Ինձ համար փողը երբեք կարևոր չի եղել: Երբ ես երիտասարդ էի, կարողանում էի իմ փողը ծախսել, սակայն քոլեջն ավարտելուց հետո շատ հաճախ եղել եմ գործազուրկ, ու եղել են օրեր, երբ ես քնել եմ խանութի առջև: Ես երբեք նյութապաշտ չեմ եղել, սակայն իմ ապրելաձևն ինձ ծախսող դարձրեց:

Իմ պապը՝ Ջեյմս Ջերարդին, սովորեցրեց ինձ աշխատել: Նա անում էր ցանկացած աշխատանք, դա նրա համար կյանքի ուրախությունն էր: Այնպես որ, ես մեծացել եմ՝ մտածելով, որ դա հենց այն է, ինչին ես միշտ ձգտել եմ: Ինձ ապրեցնում և երջանկացնում է աշխատանքը:

Իմ ուսուցիչների եզրակացությունն այն էր, որ ինձ հայր է անհրաժեշտ: Ես շատ բարդ դեռահաս չէի, բայց շատ մոտ էի այդպիսինը լինելուն: Իմ ծնողները բաժանվել են, երբ ես 2 տարեկան եմ եղել, ինչից հետո իմ հայրն իմ կյանքում ընդհանրապես չի եղել: Ես ուզում էի իմ երեխաների (աղջիկը՝ Ջուլիան, 25 տարեկան է, և զույգերը՝ Անտոնը և Օլիվիան, 14 տարեկան) նկատմամբ չլինել այնպիսին, ինչպիսին իմ հայրն է եղել: Ես ուզում էի պատասխանատվություն կրել նրանց համար, այդ պատճառով ես փորձում եմ իմ ժամանակը բաժանել երկու մասի:

Երեխաները փոխեցին իմ պատկերացումները: Մինչ 3 զավակներիս ծնունդը ես իմ գլխու էի ապրում՝ չնկատելով ոչինչ: Դերասանությունը կարծես ամեն ինչ էր։ Սակայն նրանց (երեխաների) պատճառով այժմ դա միայն մի փոքրն մասն է կազմում այդ ամենի:

Ես ընկերների պակաս չեմ զգում: Ես միշտ համոզված եմ եղել, որ ընկերության համար անհրաժեշտ է որոշակի համառություն:

Իմ կյանքի ամենածանր դրվագը մորս՝ Ռոուզի, և պապիկիս կորուստն էր: Նրանք մահացան մեկ տարվա ընթացքում: Ես 22 տարեկան էի, երբ կորցրեցի իմ ամենահարազատ մարդկանց, և դա ինձ գցեց վատ շրջան: Այդպես  70-ական թվականներն անցան հարբեցողությամբ, բայց 1977 թվականին ես որոշեցի կենտրոնանալ աշխատանքի վրա:

Ես հասկանում եմ, որ այսօր լրատվամիջոցները մեծ ուժ ու նշանակություն ունեն, չնայած ես ինքս չեմ օգտագործել ինձ համար: Ես ունեմ ֆեյսբուքյան էջ, որը «հավանում է» 5.4 միլիոն մարդ: Ի՞նչ է դա նշանակում՝ ես չգիտեմ, բայց հասկանում եմ, որ դա լավ հարթակ է՝ ձեր հաղորդագրությունները ստանալու համար:

Մայքլ Կոռլեոնեի դերը «Կնքահայրը» ֆիլմում մինչ օրս իմ կերտած ամենաբարդ կերպարն է: Ես նրան գանգստեր չեմ համարում. ես զգում եմ, որ նրա ուժն առեղծվածային որակ ունի: Իմ կարիերայի սկիզբն էր, և բացի Ֆրենսիսից (Ֆորդ Կոպպոլա)՝ ոչ ոք ինձ չէր պատկերացնում այդ խոշոր ֆիլմում խաղալիս, որտեղ ես խաղացի Մարլոն Բրանդոյի հետ:

Իմ տատիկն ու պապիկը եկել էին Սիցիլիայի քաղաքներից մեկից, որի անունն է Կոռլեոնե: Ճակատագի՞ր է: Այո, միգուցե. շատ տարօրինակ է: Բայց հետո կյանքում այնքան շատ շրջադարձեր եղան:

Մարդիկ կարծում են, որ իմ և Ռոբերտ դե Նիրոյի միջև մրցակցություն կա: Ես նրան՝ Բոբբիին, բավական լավ եմ ճանաչում, նա իմ լավ ընկերն է, ես և նա նույն բաների միջով ենք անցել: Ես սիրում եմ այն, ինչ նա անում է կատակերգության մեջ. դա իսկապես հանճարեղ է:

Ես կարծում եմ, որ հասել եմ այն հաջողությանը, որին ձգտել եմ:

Քանի դեռ արվեստի նկատմամբ կիրք եք զգում, .շարունակեք աշխատել, քանի որ տարիքը կրնկակոխ հետապնդում է ձեզ»:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս