Լևոն Զուրաբյանը անդրադարձավ քաղբանտարկյալներին
Այսօր Ազգային ժողովի նիստի սկզբում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները շատ լավ կազմակերպված անցան, սակայն այս օրերին դեսոնանսի մեջ պետք է գտնվեին Ժիրայր Սէֆիլյանը և իր ընկերները: Նա նշեց, որ անկախ ամեն ինչից սահմանադրական ազատությունները ոչ ոք չի վերացրել:
«Ոչ միայն Դուք, մենք բոլորս շատ մտահոգ ենք, բայց գնահատական չենք տալիս, կան համապատասխան մարմիններ, ես էլ եմ ուզում տեղեկատվություն ունենալ»,- պատգամավորին ընդհատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Լ.Զուրաբյանի խոսքով՝ մարդիկ հայտնվել են կալանավայրում իրենց քաղաքական հայացքների համար. «Ամեն ինչ պետք է անենք, որ նման բիծ ՀՀ-ի վրա չլինի»: Ընդ որում, ըստ Զուրաբյանի, սա վերաբերում է Ժիրայր Սէֆիլյանի և Շանթ Հարությունյանի խմբերին: Նա առաջարկեց Գալուստ Սահակյանին ստանալ տղեկություններ և ԱԺ-ն քայլեր ձեռնարկի, որ հնարավորինս նպաստի նրանց ազատմանը բանտերից:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ բոլորի համար էլ անընդունելի է, որ մեր երկրում լինեն քաղաքական հայացքների համար բանտարկյալներ, սակայն հավելեց, որ դեռ շուտ է նման գնահատականներ հնչեցնել: Ըստ նաղդալյանի՝ նման գնահատական կարելի է տալ իրավապահների քննությունից հետո: