Սերժ Թանգյանը՝ Գարիկ Պապոյանին. «Սիրաշահեցիր ինձ, հիմա կշփվեմ հետդ»
«Ես երազել եմ ամեն մեկիդ հետ առանձին շփվել, բայց չորսիդ հետ միասին չեմ էլ երազել»,- այսօր ԹՈՒՄՈ կենտրոնում հրավիրված երաժշտական հանդիպման ժամանակ հայտարարեց հումորիստ, դերասան, երգահան Գարիկ Պապոյանը՝ դիմելով Տիգրան Մանսուրյանին, Տիգրան Համասյանին, Սերժ Սանգյանին և Լիլիթ Պիպոյանին:
Գ. Պապոյանը նաև հայտարարեց, որ կարծում է՝ երաժշտությունը մարդու տեսակ է ձևավորում, և ինքը վատ է զգում, որ գերիշխող երաժշտության մի տեսակ կա Հայաստանում, որը վատ տեսակի մարդկանց է ձևավորում: Նա հարց ուղղեց արվեստագետներին՝ ասելով. «Ումի՞ց է կախված, որպեսզի System-ը շատ լինի Հայաստանում, որպեսզի Տիգրան Մանսուրյանը, Տիգրան Համասյանը, Լիլիթ Պիպոյանը, Դուք լինեք այդ մարդկանց հավաքողը, ումի՞ց է կախված, որ այդ մարդիկ քիչ են լինում, եթե Ձեզնից՝ չեմ հասկանա, եթե ուրիշից՝ ասացեք՝ ումի՞ց, մենք երթով գնանք նրա մոտ»:
Սերժ Թանգյանը նախ՝ այսպես արձագանքեց Գ. Պապոյանի ելույթին. «Սիրաշահեցիր ինձ, հիմա կշփվեմ հետդ»:
Տ. Մանսուրյանն ասաց, որ ինքը չի ասում, որ պետք է երաժշտության մի տեսակը գերակշռի մյուսին. «Այն, որ ես ասում եմ, որ մենք տարբեր նյութերի ամբողջություն ենք, ես օրինակ բերեցի նաև լեզվի դաշտում բարբառները, բայց ես չասացի, որ մենք պետք է հրաժարվենք մայր լեզվից: Իմ շատ լավ բարեկամ Հրանտ Մաթևոսյանը, երբ ներկայացնում էր Հայաստանը, գյուղացիներին, պարզ մարդկանց, նրանց խոսքի մեջ երբեք չեք գտնի բարբառ, ձեր մտքով երբեք չի անցնի, որ այդ խոսողը կեղծ հայերենով է խոսում: Խնդիրը սա է, որ դու ունենաս քո երաժշտական ամբողջությունը, բայց այդ բանահյուսության տարբեր աղբյուրները, ակունքները մտնեն ու հարստացնեն ամբողջը, բայց ոչ թե իշխողը լինի ռաբիսը կամ ինչ-որ մեկը, այլ ամեն մեկը պետք է հիմք դառնա՝ մայր լեզվին, մայր կառույցին սնելու համար, և, որպեսզի ոչ մեկից չհրաժարվենք»:
Տ. Համասյանն էլ ասաց, որ պետք է ցենզուրա լինի, որը մեզ մոտ՝ Հայաստանում, չկա. «Բոլոր հեռուստատեսություններով ու ռադիոներով միանշանակ 90 տոկոսն աղբ են ցույց տալիս: Երբ ես գնում եմ Եվրոպա, նույնիսկ այնտեղ ցենզուրա կա, հեռուստատեսությամբ այդքան աղբ չեն ցույց տալիս, ինչքան այստեղ»:
Լ. Պիպոյանն էլ պատմեց, որ վերջերս իրեն մի հեռուստատեսությունից էին զանգահարել և խնդրել էին հաղորդման մասնակցել ու խոսել այն մասին, թե ինչու է այդքան անորակ երաժշտությունը տարածված, որից ինքը հրաժարվել է. «Ես ասացի, որ չեմ գա ու ես խիստ հոգնել եմ այդ թեմայից, չեմ ուզում դրա մասին խոսել, ասացի՝ ինչո՞ւ ձեր հեռուստաընկերությունների կոլեգաներին չեք հրավիրում, ու իրենց չեք հարցնում՝ ինչո՞ւ են նրանք պրոպագանդում ամեն ինչ: Լրագրողն ասաց՝ իսկ ի՞նչ կասեք ինտերնետում տարածված երաժշտության մասին, որին ես պատասխանեցի, որ՝ դո՛ւք եք 25 տարի շարունակ դաստիարակել այդ ունկնդիրներին»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: