Գարիկ Պապոյանը՝ Սերժ Թանգյանին. «Ձեր համերգին ամեն անգամ իրար կպնելուց՝ մարդիկ փաթաթվում էին, մարդկանց մի տեսակ կա, որ Դուք եք ձևավորում»
«Ես համարում եմ, որ երաժշտությունը կոնկրետ մարդու տեսակ է դաստիարակում, կոնկրետ երաժշտության տեսակ դաստիարակում է կոնկրետ տեսակ, և երբ դԴուք ասում եք, որ ցանկացած երաժշտության կողմ եք, և պետք է լինի ինստիտուտ, որտեղ կհավաքվեն բոլոր տեսակի կոմպոզիտորները, նույնիսկ ռաբիս թող լինի, լավ, եկեք համաձայնվեմ, քանի որ, պարոն Մանսուրյան, այսօր այնքան բան ասացիք, որ ինձ համար աֆորիզմի վերածվեց, այսօր ավելի կրթված դուրս կգամ»,- այսօր ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների ինստիտուտում տեղի ունեցած երաժշտական հանդիպման ժամանակ հայտարարեց հումորիստ, դերասան, երգահան Գարիկ Պապոյանը: Նշենք, որ երաժշտական հանդիպմանը մասնակցում էին արվեստագետներ Տիգրան Մանսուրյանը, Լիլիթ Պիպոյանը, Սերժ Թանգյանը, Արթուր Ավանեսովը և Տիգրան Համասյանը:
Գ. Պապոյանը կարծիք հայտնեց, որ կան երաժշտության տեսակներ, որոնք կոնկրետ որակներ են դաստիարակում մարդու մեջ, և երբ այդ որակները գերակշռում են քաղաքում կամ հասարակության մեջ, ընդհանուր հասարակության որակն է ընկնում. «Ես մինչև այսօր որևէ դեպք չեմ հանդիպել, որ մեքենան իմ ճամփան կտրի, ու այդ մեքենայից գա Ձեր երաժշտությունը, կամ մեկ այլ երաժշտություն, կամ Սերժ Թանգյանի, Լիլիթ Պիպոյանի, Տիգրան Համասյանի երաժշտությունը»:
Դերասանը նշեց, որ այդ բոլոր արվեստագետները նրա համար շատ մեծ դեր ունեցող մարդիկ են. «Պարոն Թանգյան, 12-13 տարի առաջ ես Ձեր երաժշտությունը լսելով՝ դարձել եմ մի տեսակ, որի մեջ Ձեր երաժշտության մասնիկը շատ-շատ է, եթե Դուք քչանաք հասարակության մեջ, իմ տեսակն էլ կքչանա, ես ուզում եմ՝ իմ տեսակը շատանա, կամ Ձեզնից ամեն մեկը: Ձեր համերգին հավաքված էին երիտասարդների մի այնպիսի մի խումբ, որը ես չգիտեի, որ կային, որովհետև, եթե 60 հազար հոգի հավաքվի այնպիսի երաժշտության համերգին, որի անունը ես չեմ ուզում տալ, ես հաստատ գիտեմ, որ այդքան իրար կպնելով՝ հաստատ մեկին դանակով խփելու էին, իսկ Ձեր համերգին ամեն իրար կպնելուց՝ փաթաթվում էին. մարդկանց մի տեսակ կա, որ Դուք եք ձևավորում»: