Թինա Կանդելակին՝ Հայոց ցեղասպանության մասին. «Ոչ ոքի ու երբեք չի հաջողվի կոտրել հայ ժողովրդին»
Ռուսաստանաբնակ հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին այսօր Instagram-ի իր միկրոբլոգում գրել է. «Ես կիսով չափ հայ եմ: Հայերի համար այս օրը սգո օր է: Մենք աղոթում ենք անմեղ սպանվածների համար, որոնք սպանվեցին միայն այն բանի համար, որ հայ էին: Յուրաքանչյուր ընտանիքում կա մեկը, ով հիշում է ցեղասպանության սարսափները, այդ ցավը նախկինի պես թարմ է ու վերքը ցավում է՝ հիշեցնելով բոլորին, որ ֆաշիզմին չկա որևէ արդարացում: Ոչ մի ազգ չի գերազանցում մյուսին ու առավել ևս՝ իրավունք չունի կյանքից զրկել ազգային պատկանելության պատճառով: Ես սգում եմ իմ մոր, տատիկի, պապիկի ժողովրդի հետ, որոնց ցեղասպանությունը չի շրջանցել: Հայ ժողովրդի ոգու ուժը նրանում է, որ, որտեղ էլ ապրեն նրա որդիներն ու դուստրերը, այդ օրը բոլորը միավորված են անտեսանելի թելով, որն ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել: Ոչ ոքի ու երբեք դա չի հաջողվի անել»: