
Թուրքական որոշ թերթեր այսօր հրատարակվել են հայերեն խորագրերով

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) և «Օզգյուր Գյունդեմ» (Özgür Gündem) թերթերն այսօր հրապարակվել են հայերեն խորագրերով: Cumhuriyet թերթը հրատարակվել է «Այլեւս երբէք» (Bir Daha Asla), իսկ Özgür Gündem-ը՝ «Տես, իմացիր, առերեսուիր» (Gör, Duy, Yüzleş) խորագրերով:
Cumhuriyet-ի նյութում նշված է. «Սգում ենք 100 տարի առաջ այս հողերում գրանցված ընդհանուր ցավի համար: Օսմանյան կայսրության ժամանակ տեղի ունեցած աղետի ցավը դեռ թարմ է: Ժամանակն է առերեսվելու մարդու խելքը, խիղճը, իրավունքն ու արդարության զգացմունքները կաթվածահար անող այս վերքի հետ: Թող այն այլևս երբեք չկրկնվի»:
Özgür Gündem-ն իր հերթին գրել է. «1915 թվականին պետության պլանավորած ցեղասպանության ժամանակ 1.5 միլիոն հայեր, 500.000 ասորիներ տեղահանվեցին և սպանվեցին: Արդեն 100 տարի է, ինչ վերքը բաց է:
Այն ժամանակ երբ (իշխող) «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) տեր է կանգնում ցեղասպանության հերքմանը, ժողովուրդներն օգտագործում են «տես, իմացիր, առերեսվիր» արտահայտություններ»: