«Ոստիկանները ՀԽ անդամներին ծանուցագրեր են ուղարկում, հրավիրում զրույցի ու զգուշացնում, որ լավ չի լինի, վատ կլինի»

Այսօր Աշտարակի ոստիկանություն է հրավիրվել ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորի Արոն, ով նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամ է:

168.am-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը տեղեկացրեց, որ արդեն մի քանի անգամ Արա Խուդավերդյանին հրավիրել են Ոստիկանություն՝ զրուցելու: Ըստ նրա՝ սա Ոստիկանության կողմից որդեգրված նոր գործելաոճ է՝ հրավիրել զրույցի, ինչը, նրա խոսքով՝ օրենքի շրջանակներում չէ. «Եթե Ոստիկանությունն ուզում է մեկին հարցուփորձ անել, պետք է ծանուցագիր ուղարկի: Վերջերս Ոստիկանությունը հրավիրում է բանակցության, զրույցի, և այդ զրույցների նպատակն է՝ ազդել մարդկանց վրա, կաշկանդել, հորդորել ու զգուշացնել: Սա, եթե չեմ սխալվում, արդեն 3-րդ անգամն է, որ Արա Խուդավերդյանի հետ այսպես են վարվում»:

Կ. Եղնուկյանը տեղեկացրեց նաև, որ արդեն «Հիմնադիր խորհրդարանի» բազմաթիվ աջակիցների և անդամների Քննչական կոմիտեն ծանուցագիր է ուղարկել, որպեսզի որպես վկա ներկայանան. «Դա ճիշտ ձևն է, բայց այդտեղ էլ միտում կա: Երբ գնում են Քննչական կոմիտե, ամեն մի հարցաքննումը մի 4-5 ժամ է տևում: Մենք հիմա ունենք 10-ից ավելի մարդ, որոնք հրավիրված են Քննչական՝ 27-ին, 28-ին, 29-ին, և այլն: Մարդիկ, որոնք միայն ՀԽ-ի շենքի կողքով են անցել, նույնիսկ նրանց էլ են հրավիրել»:

Կ. Եղնուկյանը կարծում է՝ սա խանգարելու, խոչընդոտելու միտում ունեցող մեթոդ է. «Իսկ այս՝ ոստիկանների հրավերը զրույցի, ինչպես նշեցի՝ օրենքի շրջանակներից դուրս է, բայց, իհարկե, չես կարող բողոքել, քանի որ ասում են՝ ձեզ հրավիրում ենք, կարող ես չգնալ: Տվյալ դեպքում՝ Արա Խուդավերդյանն այդ հրավերին ենթարկվել է և գնացել է Ոստիկանություն, որպեսզի զրուցեն»:

Հարցին՝ չե՞ք խոսել Ա. Խուդավերդյանի հետ, պարզ չէ՞՝ ինչի մասին են ոստիկանները զրուցել նրա հետ, Կ. Եղնուկյանը պատասխանեց, թե դեռ չի խոսել նրա հետ, բայց պարզ է՝ ինչի մասին է եղել խոսակցությունը ոստիկանների հետ. «Դեռ մի կես ժամ առաջվա տվյալներով՝ ինքն այնտեղ էր: Պարզ է՝ խոսել են միայն այսօրվա հավաքի վերաբերյալ, Ոստիկանությունը հորդորում է, որ՝ չմասնակցես, զգուշացնում է, որ լավ չի լինի, վատ կլինի»:

Կ. Եղնուկյանը նաև տեղեկացրեց, որ ինչպես նախկինում հայտարարել էին, իրենց պլաններում ոչինչ չի փոխվել, և այսօրվանից սկսում են շուրջօրյա հանրահավաքները:

 

Տեսանյութեր

Լրահոս