
«Մենք հիշում ենք և պահանջում». Կիպրոսի նախագահ

«Կիպրոսը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Կիպրոսն առաջին երկրներից էր, որ ընդունել է Ցեղասպանությունը: Մեզնից յուրաքանչյուրի ներկայությունն այստեղ նրա համար է, որ հարգանքի տուրք մատուցենք նրանց, ովքեր մեկ հարյուրամյակ առաջ կորցրել են իրենց կյանքը: Դա մեր պարտականությունն է»,- այսօր Ծիծեռնաաբերդում Ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք մատուցելու արարողության ժամանակ հայտարարեց Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
Ըստ նրա՝ ժողովուրդներն իրավունք ունեն որոշելու իրենց ճակատագիրն իրենք: Կիպրոսի նախագահի խոսքով՝ հայ ազգի պատմության ընթացքում հանդիպում են փառապանծ էջեր. «Իրադարձությունների ճանաչումը որևէ հանգամանքում չի սահմանափակում ազգերի դերակատարումը ապագայում: Ժամանակն է, որ պատմական փաստերը ճանաչվեն: Դա ուղի կհարթի, որ հարևանների հետ հարաբերությունները կարգավորվեն»:
«Մենք հիշում ենք և պահանջում»,- իր խոսքը եզրափակեց Նիկոս Անաստասիադիսը: