
Նիլս Մույժնիեքսը հուսով է, որ Օլանդն Ադրբեջանում կբարձրացնի մարդու իրավունքների հարցը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեքսը, ելույթ ունենալով ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի ժամանակ, անդրադաձել է մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանում տիրող իրավիճակին:
Պատգամավորներից մեկը նրան հարցրել է, որ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի շեմին Ադրբեջանի բանտերում շարունակում են մնալ քաղբանտարկյալներ և ի՞նչ կարելի է անել այդ խնդիրը հումանիտար տեսանկյունից լուծելու համար:
Մույժնիեքսը հույս է հայտնել, որ «հումանիտար» ասպեկտները հաշվի կառնվեն ակտիվիստների ազատ արձակման հարցի լուծման ժամանակ: Դրա հետ կապված՝ նա հույս է հայտնել, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այդ հարցերն Ադրբեջանի ղեկավարության առջև կբարձրացնի առաջիկա օրերին Բաքու կատարելիք այցի ժամանակ:
Մույժնիեքսն անթույլատրելի է համարել մարդու իրավունքներն անտեսելը: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ֆրանսուա Օլանդն Ադրբեջան կժամանի ապրիլի 25-ին: