
ՌԴ Պետդուման այսօր հայտարարություն կընդունի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ Պետդուման այսօր կդիտարկի և կընդունի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ հայտարարության նախագիծը: Փաստաթուղթը Պետդումայի դիտարկմանն է ներկայացրել նրա՝ ԱՊՀ-ի հարցերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի գծով հանձնաժողովը:
Հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը յուրահատուկ ուղենիշ է. «Պատմության այդօրինակ դասերը պետք է եվրասիական մայրացամաքի ժողովուրդների համար օգտագործվեն որպես գործոններ ու խթաններ՝ խաղաղության ու կայունության ընդհանուր տիրույթ ստեղծելու համար»:
Հայտարարության նախագծի տեքստում Պետդուման մտադիր է խորը վշտակցություն հայտնել եղբայրական Հայաստանին՝ կապված Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի դեմ կատարված ցեղասպանության հետ: