Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել ռուս ուժայինների վրա կրակ բացելու հրամանի մասին Կադիրովի սկանդալային հայտարարությունը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլը կծանոթանա հանրապետությունում Ստավրոպոլի ուժայինների հատուկ գործողության մասին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հայտարարությանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը.
«Դժբախտաբար, ինձ հայտնի չէ այդ հայտարարությունը, ինչի համար էլ ես ոչինչ չեմ կարող ասել: Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին»: Պեսկովը լրագրողների խնդրանքով այդպես է մեկնաբանել Կադիրովի հայտարարությունը, ով չեչեն ուժայինների հետ խորհրդակցության ժամանակ կտրուկ հայտարարություն է արել ստավրոպոլցի ուժայինների հատուկ գործողության մասին, որի ժամանակ սպանվել է Ջամբուլատ Դադաևը:
Պեսկովն ընդգծել է, որ եթե իսկապես եղել է նման հայտարարություն, ապա իրենք կծանոթանան դրան և այդ ժամանակ նոր կարող են ինչ-որ բան ասել այդ կապակցությամբ: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Կադիրովը հանրապետության ուժային կառույցներին թույլատել էր «խոցման նպատակով կրակել» ռուս ուժայինների վրա, որոնք կիրականացնեն հանրապետության իշխանությունների հետ չհամաձայնեցված հատուկ գործողություններ.
«Եթե առանց ձեր իրազեկման ձեր տարածքում հայտնվի մոսկվացի կամ ստավրոպոլցի, նշանակություն չունի, կրակ բացեք նրանց խոցելու համար»: Կադիրովը հասկացրել է, որ ոչ ոք իրավունք չունի Չեչնիայի տարածքում իրականացնել հատուկ գործողություններ, որոնք համաձայնեցված չեն լինի հանրապետության ՆԳՆ-ի հետ: