Սերժ Սարգսյանն ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուին:

Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին և շնորհակալություն հայտնել Հայաստան ժամանելու և հայ ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցության համար: Օգտվելով հանդիպման առիթից՝ Հանրապետության Նախագահը շնորհավորել է տիկին Կոնստանդոպուլուին Հունաստանի խորհրդարանի նախագահի բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նա մասնագիտական կարողություններն ու եռանդը լավագույնս կծառայեցնի բարեկամ Հունաստանի զարգացման գործին:

Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել հույն ժողովրդին և Հունաստանի իշխանություններին՝ Ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի մի հատվածին ապաստան տալու, ազգային ինքնությունը պահպանելու, արարելու և զարգանալու հնարավորություն ընձեռելու համար: Նախագահը բարձր է գնահատել Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունն առաջիններից ճանաչելու փաստը, իսկ հետագայում՝ ռասիզմի և այլատյացության դեմ օրինագծի ընդունումը, որով քրեականացվեց նաև Հայոց ցեղասպանության ժխտումը, վերահաստատվեց այդ ծանրագույն հանցագործության դեմ պայքարելու Հունաստանի հանձնառությունը:

Հունաստանի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում այս օրերին ընթացող կարևորագույն այս միջոցառումներին մասնակցելու հրավերի, ջերմ հյուրընկալության և նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելով՝ հետագա ցեղասպանությունները կանխելու գործում Հայաստանի մեծ ջանքերի համար: Զոի Կոնստանդոպուլուն ընդգծել է, որ Հունաստանի խորհրդարանը և անձամբ ինքը՝ որպես միջազգային քրեական իրավունքի և մարդու իրավունքների մասնագետ, պատմական արդարության միջազգային ճանաչման գործում Հայաստանի կարևոր ու վստահելի դաշնակիցն է:

Հանդիպմանը Հայաստանի Նախագահը և Հունաստանի խորհրդարանի նախագահը երկուստեք բարձր են գնահատել պատմամշակութային ամուր կապերի վրա խարսխված հայ-հունական դարավոր բարեկամությունը և պատրաստակամություն հայտնել ներդնել անհրաժեշտ ջանքերը քաղաքական երկխոսությունը, տնտեսական, ռազմական և մշակութային կապերն առավել ընդլայնելու, միջազգային կառույցներում փոխգործակցությունը խորացնելու նպատակով։

Հայ-հունական հարաբերությունների սերտացման գործում զրուցակիցները մեծ դեր են վերապահել երկու երկրների խորհրդարաններին և խորհրդարաններում ավանդաբար գործող բարեկամության խմբերին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս