Ինթիգամ Ալիևի միակ «հանցանքը» իր հայրենակիցների իրավունքները պաշտպանելն էր. Amnesty International

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրավապաշտպան Ինթիգամ Ալիևին 7.5 տարով ազատազրկման դատապարտելը վկայում է Եվրոպական խաղերի շեմին բոլոր քննադատներին լռեցնելու կառավարության ձգտման մասին:

Այս մասին նշված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարության մեջ. «Ինթիգամ Ալիևը կամպանիայի վերջին զոհերից մեկն է, որի նպատակը խաղերի շեմին բոլոր խնդիրների քողարկումն է:

Իշխանությունների գործողությունները պետք է հասկանալ հետևյալ կերպ. յուրաքանչյուր ոք, ով կհամարձակվի բարձրաձայնել խնդիրների մասին, կպատժվի: Ինթիգամ Ալիևի միակ «հանցանքը» իր հայրենակիցների իրավունքները պաշտպանելն էր: Նա չպետք է կալանավորվեր: Նա պետք է անհապաղ ու անխոս ազատ արձակվի»:

Մեկ շաբաթ առաջ էլ Amnesty International-ը դատապարտել էր ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովին 6.5 տարով ազատազրկման դատապարտելու մասին որոշումը: Կազմակերպությունը կարծում է, որ Ադրբեջանի բանտերում գտնվում են առնվազն 20 «խղճի բանտարկյալներ», որոնց պետք է անհապաղ ազատ արձակել:

Տեսանյութեր

Լրահոս