Բարսեղ Բեգլարյանը հաղթեց Գալուստ Սահակյանի որդուն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի հովանավորության տակ գտնվող «Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցությունը (ՀԺԱՄ), որը միայն փաստաթղթերով գոյություն ունի, հաղթեց դատարանում: Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցությունից բռնագանձել շուրջ 240 հազար դրամ:
Ուշագրավ է, որ ՊՈԱԿ-ը դատարան դիմելով չէր բավարարվել, այլ նախորդ տարվա հոկտեմբերի 10-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի արգելանք դրվի կուսակցության գույքի եւ դրամական միջոցների վրա, ինչն այս գործով դատավոր Ռուբեն Ներսիսյանը բավարարել է:
Ու երբ դիտարկում ենք, թե ով է այս կուսակցության եւ նախագահի քաղաքական կնքահայրը, պարզ է դառնում, թե անգամ այս փոքր գործով դատարանն ինչ վճիռ պետք է կայացներ, կամ ընդհանրապես գործն ինչ հանգուցալուծում պիտի ստանար: ՀԺԱՄ կուսակցության նախագահը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանն է, որն հեռացավ կուսակցությունից եւ պատգամավորական մանդատ ստանալու համար համալրեց ՀՀԿ-ի շարքերը, նաեւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահն է:
Այս հիմնադրամի հովանավորը «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն է՝ Սերժ Սարգսյանի երեխաների քավորը: Եվ, ահա, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, թե ինչ հանգուցալուծում ստացավ Սերժ Սարգսյանի մտերիմի հովանավորության տակ գտնվող կուսակցության դեմ ներկայացված հայցի ճակատագիրը»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։