Բաժիններ՝

«Ինձ ամենաշատը հետաքրքիր է լուսանկարի տրագիկ պահը». Արամ Կիրակոսյան

Լուսանկարիչ Արամ Կիրակոսյանը ծնվել է Երևանում, սովորել է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի հեռուստառեժիսուրա բաժնում: 2013 թվականին ունեցել է «Խելագարանք» անհատական ցուցահանդեսը: Հաջորդ տարի ունեցել է «Արտագաղթի դեմքը» ցուցահանդեսը: Համագործակցում է «Vogue» ամսագրի հետ ու, ինչպես ինքը նշեց, ոգևորվում է, երբ իր աշխատանքը գնահատում են: 2010 թվականին մասնակցել է «Ինտերնյուզի» «Ալտերնատիվ վյու» նախագծին: 2014 թվականին մասնակցել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կազմակերպած Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին և «Լավագույն պատմություն» անվանակարգում հաղթել՝ իր «Գեղեցիկ մարդիկ» ֆիլմով: Արամը զբաղվում է լուսանկարչությամբ, որովհետև, ինչպես ինքը նշեց, չի կարող չնկարել: Արամի համար շատ կարևոր է վայրը, որտեղ նա պետք է լուսանկարի իր հերոսներին: Շատ հաճախ նա ընտրում է կիսաքանդ ու հին վայրեր, քանի որ, ըստ նրա, նման վայրերն ունեն հատուկ էներգետիկա: Արամը սիրում է համադրել գեղանկարչությունն ու լուսանկարչությունը:

Ներկայացնում ենք մեր զրույցն Արամ Կիրակոսյանի հետ:

– Արամ, ի՞նչ է լուսանկարը:

– Լուսանկարն աշխարհայացք է, իրականության իմ պատկերացումը: Լուսանկարը ճշմարտության մասնիկ է: Ֆոտոն ինձ համար լեզու է, արտահայտչամիջոց:

Կարդացեք նաև

– Այսօր շատ լուսանկարիչներ իրենց նկարները բնութագրող տեքստեր են գրում: Արդյոք դա չի՞ շեղում դիտողի ուշադրությունը:

– Դեպքեր կան, որ շեղում է, կան, որ չի շեղում: Երկու օրինակ բերեմ: Յոզեֆ Կուդելկան, ում նկարներն ինձ համար ֆենոմենալ լավն են, ոչ մի նկարագրություն չի գրում: Իր լուսանկարներն այնքան խոսուն են, որ նկարագրության կարիք չկա: Իսկ, օրինակ, Մարտին Պարրի արած ֆոտոներն առանց իր մեկնաբանության անհասկանալի են: Մի շարք ունի Պարրը, նկարել է Անգլիայի մարդկանց՝ «ֆասթ-ֆուդ» ուտելիս: Եթե չկարդաս մեկնաբանությունը, ապա նկարն իմաստ չի ունենա: Իսկ Պարրը ուզում է ասել, որ թագուհին լինի թե հասարակ քաղաքացի՝ նման սնունդ օգտագործելուց նույն խնդիրներն են առաջանալու, այսինքն՝ մի ընդհանուր կապող բան կա բոլորիս միջև:

Ես իմ նկարներին ոչ մի նկարագրություն չեմ գրում, որովհետև նկարը կամ ինչ-որ բան ասում է, կամ չի ասում, իսկ նկարագրությունը երբեմն ետին պլան է գցում ֆոտոն՝ առաջին պլան բերելով պատմությունը:

– Արամ, լավ լուսանկար ստանալու համար իսկապե՞ս լավ ֆոտոխցիկ է անհրաժեշտ:

– Կախված է նրանից, թե ինչ ես պատրաստվում անել ֆոտոյի հետ: Լինում են դեպքեր, որ ուղղակի պետք է կադրը ֆիքսես, ու այդ պարագայում ընդհանրապես կարևոր չի, թե ինչով ես նկարում: Բայց եթե պատրաստվում ես նկարդ վաճառել ինչ-որ ցուցահանդեսի, այդ դեպքում կարևոր ա, որովհետև նկարիդ լավ որակը բարձրացնում ա վերջինիս գինը:

– Հնարավո՞ր է լուսանկարել սովորեցնել:

– Ես միշտ այն մտքին եմ եղել, որ լուսանկարել չեն սովորեցնում: Ինչպես Անրի Կարտյե-Բրեսոն է ասել՝ ֆոտո անելը քայլելու նման բան է՝ կամ կարողանում ես, կամ՝ ոչ: Ճիշտ է, մարդուն կարող ես ձեռքից բռնել, օգնել, որ քայլի, բայց երբեք չես ասի, թե ինքն իր ոտքն ինչ բարձրությամբ բարձրացնի, որ անկյան տակ ծալի: Հնարավոր է սովորեցնել լուսանկարչության պատմություն՝ ֆոտոյի զարգացման փուլերը, փոփոխությունները:

– Կա՞ այլ լուսանկարիչների կողմից արված մի լուսանկար, որն այնքան շատ ես սիրում, որ կուզեիր՝ դու նկարած լինեիր:

– Շատ եմ սիրում Յոզեֆ Կուդելկայի «Գնչուները» շարքը, Ռայմոնդ Դեպարդոնի «Հոգեբուժարան» շարքը, ինչպես նաև Ջեյմս Նեչտվեյի «Դժոխքը» ֆոտոշարքը, բայց երբեք չեմ ցանկացել լինել դրանց հեղինակը: Շատ կցանկանայի նկարելու պահին լինել վերջիններիս կողքին, տեսնել՝ ինչպես են աշխատում: Անգամ եթե ես էլ նկարեի այդ նույն նկարը, մեկ է, դրանք տարբեր կլինեին, քանի որ բոլորիս աշխարհայացքները տարբեր են:

2

3

– Ի՞նչ դժվարություններ կան «Սթրիթ» լուսանկարչության մեջ:

– Ամենաբարդն ու նաև ամենակարևորը պահը բաց չթողնելն է: Եթե չհասցնես՝ վե՛րջ, կկորչի, էլ էդ պահը չի կրկնվի: Դժվարություն է նաև այն, որ մարդիկ շատ հաճախ չեն թողնում, որ իրենց նկարես: Հարցնում են, թե ինչի՞ ես նկարում: Իսկ ես նկարում եմ, որովհետև լուսանկարիչ եմ: Հետո էլ հարցնում են, թե ինչո՞ւ ես հենց իրենց նկարում: Մտածում են, որ ինչ-որ վատ բան ես անում: Բայց եթե այդքան մարդու միջից մի կերպար է առանձնանում, կարծում եմ՝ դա հաճոյախոսություն է:

4

– Արամ, ի՞նչ մեթոդներով ես «կերպարը բացում»:

– Փորձում եմ ծիծաղեցնել, բարկացնել, ասում եմ, որ անսովոր բաներ անեն, որ դեռ երբեք չեն արել: Գտնում եմ էն պահը, որտեղ ինքը բնական ինչ-որ ժեստ է անում ու չի մտածում, որ ես այդ ընթացքում ֆոտո կանեմ: Ա՛յ էդ ժամանակ ինքն իսկականից ինքն է… Ինձ ամենաշատը հետաքրքիր է լուսանկարի տրագիկ պահը:

– Շատ ես նկարում կատուներ: Ի՞նչն է քեզ այդքան գրավում կատուների մեջ:

5

6

– Հա՜, ուշքս գնում է իրանց համար: Կատուները շատ հետաքրքիր են, «գրացիոզնի» են: Իրենց դժվար ա քեզ կապելը, ու դա ինձ դուր ա գալիս: Կատուներին միանգամից չեմ նկարում: Մի քիչ ժամանակ եմ անցկացնում իրենց հետ, թեկուզ տասը րոպե, որ տեսնի՝ իրեն նայում եմ, հասկանա, որ չեմ ուզում վնասել, սպասում եմ, որ ինքը թույլ տա, որ իրեն նկարեմ: Մեկ էլ սիրում եմ երեխաներին նկարել: Իրենց հետ հեշտ է, որովհետև իրենց համար մեկ է՝ դու նկարո՞ւմ ես, թե՞ չէ, իրենք, մեկ է, անկեղծ են:

7

– Լուսանկարչությունը կարո՞ղ է հաղորդել ներդաշնակություն:

– Ինձ թվում է՝ ներդաշնակություն պետք էլ չի: Ո՞նց կարող ես ներդաշնակ ու բավարարված զգալ, եթե կյանքը շարունակվում է, դու ամեն վայրկյան նոր զգացմունքներ ես ունենում ու անընդհատ փորձում ես դա փոխանցել: Կարծում եմ՝ արվեստը ներդաշնակություն չի բերի, հակառակը. եթե դու խնդրի մեջ խորանաս, ինքը քեզ ավելի է խորացնելու:

8

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս