
Սի Ծինփինի պակիստանյան այցի ժամանակ կստորագրվեն 50 միլիարդ դոլարի պայմանագրեր

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն այցելելու է Պակիստան, ուր ակնկալվում է մոտ 50 միլիարդ դոլար արժողությամբ մի շարք պայմանագրերի ստորագրում: Խոսքը գնում է 46 միլիարդ դոլար արժողությամաբ էներգետիկ ու ենթակառուցվածքային նախագծերի փաթեթի մասին:
Դրանք կոչված են Պակիստան-Չինաստան տնտեսական միջանցքի ստեղծմանը, որն Արաբական ծովի Գվադար նավահանգիստը կկապի Չինաստանի Սինձյան-Ույղուրյան ինքնավար մարզի հետ: Բացի այդ, Չինաստանի առաջնորդը կարող է իր ստորագրությունը դնել Իսլամաբադին 8 սուզանավ վաճառելու մասին պայմանագրի վրա:
Այդ գործարքը գնահատվելու է 4-5 միլիարդ դոլար: Ակնկալվում է նաև, որ Չինաստանի նախագահը հարևան պետության ներկայացուցիչների հետ կքննարկի Պակիստանին սահմանակից Սինձյանի նահանգում ահաբեկչության հարցը: Սի Ծինփինի պակիստանյան այցը պլանավորված է ապրիլի 20-21-ին: