«Հիշենք, որ Քարդաշյանն այն անձն է, ում հետ Օբաման երազում է հանդիպելու մասին»

168.am-ը Արա Պապյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տվեց Հայաստանին Քիմ Քարդաշյանի այցը, քանի որ այդ հարցի կապակցությամբ կան ծայրահեղ տարբեր մոտեցումներ: Ի պատասխան՝ նա ասաց, որ իր համար հատկապես ընդունելի չեն խիստ դատապարտող հայտարարությունները.

«Անգամ տեսակետներ կան, որ պետք է չգար Հայաստան, և այլն: Նախ, Հայաստանը բաց երկիր է բոլորի համար, առավել ևս այն պետք է բաց լինի աշխարհի բոլոր հայերի համար: Առավել ևս՝ Քարդաշյանն այն անձն է, որի միջոցով (մենք ուզենք, թե չուզենք, համաձայնենք, թե չհամաձայնենք) այսօր աշխարհում տասնյակ միլիոնավոր մարդիկ ճանաչում են Հայաստանը: Կանադայում առիթներ եմ ունեցել, երբ խոսակցության եմ ներկա եղել ու ասել եմ, որ Հայաստանից եմ, մարդիկ, այդ թվում նաև ոստիկաններ և պետական այլ աշխատողներ, հարցրել են, թե Հայաստանը ինչ է: Հենց ասել եմ ՔիմՔարդաշյան, ասել են՝ հա, հասկացանք: Այսինքն՝ շատ տեղերում Քիմ Քարդաշյանն ավելի հայտնի է, քան Հայաստանը:

Ոմանք ասում են, որ Հայաստանը չպետք է ճանաչվի Քիմ Քարդաշյանի միջոցով, այլ պետք է ճանաչվի Վիկտոր Համաբարձումյանի, Արամ Խաչատրայնի միջոցով և այլն: Թող ճանաչվի, ո՞վ է խանգարում, կարո՞ղ է Քիմ Քարդաշյանը խանգարում է, որ ճանաչեն:

Ara PapyanԱսելը հեշտ է, անելը դժվար է: Հիմա այդ կինը եկավ, մտքեր արտահայտեց և լուսանկարվեց, և արդեն մենք գիտենք, որ 70 և ավել միլիոն մարդ իր այդ հղումները, ֆոտոները, մտքերը Հայաստանի մասին տեսել է և հավանության է արժանացրել: Այսինքն՝ մենք երբևէ հաշվարկո՞ւմ ենք՝ նման բան անելու համար մեզանից ինչ կպահանջվեր և արդյոք մենք կկարողանայի՞նք, թե՞ ոչ: Բայց ինքը դա միայնակ արեց: Այնպես որ՝ բացի շնորհակալությունից՝ ուրիշ խոսք չկա»:

Հիշեցնենք, որ օրերս մի քանի հ/կ-ներ բողոքի ակցիա էին ուզում կազմակերերպել Քիմ Քարդաշյանի դեմ՝ ասելով, որ պետական մակարդակով, աղ ու հացով, հայկական տարազով չպետք է ընդունեին «պոռնո» աստղին: Հարցին՝ Դուք համաձայն չե՞ք նման տեսակետների հետ, Ա. Պապյանը պատասխանեց, որ մարդիկ կարող են սեփական տեսակետ ունենալ, բայց ընդհանարպես տեսակետը հարգանքի արժանի է, եթե այն սկզբունքային է, այսինքն՝ տարածվում է բոլորի վրա:

«Այդ մարդիկ, ովքեր խոսում են Քիմ Քարդաշյանի դեմ, արդյոք դեմ հանդես չեկա՞ն, երբ Ալլա Պուգաչովային Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան հանձնվեց, իրենք դեմ չե՞ն, երբ զանազան ներքին և արտաքին տականքներ պատիվների և շքանշանների են արժանանում: Եթե այդ մարդիկ սկզբունքորեն հանդես գային մշտապես ու բոլորի դեմ, ես կասեի այս մարդիկ տեսակետներ ունեն, հիմա արդար է, ճիշտ է, թե ոչ, մի կողմ: Ես ոչ մի ձև սա բացատրել չեմ կարող, քան հակաարևմտյան հերթական հիստերիա, որովհետև, չգիտես ինչու, Քարդաշյանի կերպարը նույնացվում է անբարոյականության հետ, նա անվանվում է պոռնո աստղ, չգիտեմ՝ ինչ, և այս ամբողջը նույնացվում է Արևմուտքի հետ, և հաճախ մարդիկ դա անում են նույն արևմտյան արժեքներ և նվաճումներ հանդիսացող ինտերնետի վրա, ֆեյսբուքի վրա, այն համակարգչի վրա, որն այդ Արևմուտքն է ստեղծել:

Այդ ցույցերը, որ այդ մարդիկ անում են, կամ ուզում են անել, էլի արևմտյան արժեք է, որովհետև սովետական արժեքը, որի գովաբանությամբ իրենք զբաղվում են, այդ բանն իրենց թույլ չէր տա, իրենց բոլորին կաքսորեին սիբիրներ և կփտացնեին սիբիրներում կամ բանտերի մեջ»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին էլ՝ իսկ Դուք նման ընդունելությունը տեղի՞ն եք համարում, Ա.Պապյանն այսպես արձագանքեց.

«Ախր նայեք, թե մենք ում ենք ընդունել, նախ հիշենք, որ Քարդաշյանն այն անձն է, ում հետ Օբաման երազում է հանդիպելու մասին, երբ հաջողացնում է հետն ընթրել, նկարում ու ցույց են տալիս տարբեր տեղեր, ինքը համարում է դա հաջող քայլ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Կամերոնն ինքն է հետազոտել տալիս իր գենետիկան և հայտարարում է, որ ինքը Քարդաշյանների ընտանիքի հետ ազգակցական կապ ունի: Մարդիկ հասկանում են, որ դա իրենց օգուտ է բերելու: Մենք ո՞վ ենք, որ չընդունենք, ի՞նչ է, Ամերիկայի նախագահից կամ Մեծ Բրիտանիայի վարչապետից ավելի կարևո՞ր են այն անձինք, ովքեր ընդունել են նրա»:

 

Տեսանյութեր

Լրահոս