
Ռուսաստանը կարող է նպաստել Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. աղբյուր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը կարող է իր ներդրումն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, մինչդեռ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը Թուրքիան «էլ ավելի կհեռացնի» Հայաստանից:
Այս մասին գործակալությանը հայտել է Թուրքիայի ԱԳՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը, որի անունը չի հրապարակվում. «Որքան շատ այդ գործընթացին միջամտեն հայկական կողմի դիրքորոշմանն աջակցող քաղաքական ու կրոնական առաջնորդները, այնքան նրանք պառակտում կմտցնեն քրիստոնյաների ու մուսուլմանների միջև և միմյանցից կհեռացնեն Թուրքիան ու Հայաստանը:
Սակայն բարեկամական երրորդ երկրները կարող են կարգավորել այդ հակամարտությունը, եթե նրանք տուրք չտան հայկական կողմի ճնշմանը և կարողանան լսել մեր փաստարկները: Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը, որը լավ հարաբերությունների մեջ է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի հետ, և որպես երկիր, որը դեմ է արտահայտվում պատմության քաղաքականացմանը, կարող է կարևոր դեր խաղալ այստեղ»: