«Հուսանք, որ կփոխվի կառավարության աշխատելաոճը». Արծվիկ Մինասյան
Ապրիլի 13-ին լրանում է ՀՀ վարչեպտի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի գործունեության 1 տարին: 168.am-ի հետ զրույցում, գնահատելով այս ընթացքում կատարված աշխատանքները, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ կառավարությունը կազմավորվեց անցած տարի նաև կենսաթոշակային հայտնի օրենքի՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելու ՍԴ որոշումից հետո:
«Ցավոք, կուտակայինի հետ կապված ներկա կառավարությունը շարունակում է նախորդի բավականին բացասական գիծը և դա է նաև պատճառը, որ մեր պայքարը շարունակվում է այս ուղղությամբ»,- ասաց Ա.Մինասյանը:
Ամեն դեպքում, ըստ նրա, Հովիկ Աբրահամյանի կառավարությանը հաջողվել է մի քանի ուղղություններով կոնկրետ արդյունքներ արձանագրել, համենայնդեպս դրանք օրենքների մակարդակով ընդունվել են, օրինակ՝ սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություն տալու և սոցիալական վիճակի բարելավման օրեքներն են, որը նաև աննախադեպ միասնական դրսևորւմ էր ՀՀ-ում, երկրորդ՝ շրջանառության հարկի հետ կապված պատրաստակամությունը, որ քննարկվի մեղմացման ռեժիմը.
«Բայց նաև չմոռանանք, որ շատ այլ հարցերում դեռևս շոշափելի արդյունքներ չունենք, ինչպիսին ներդրումային միջավայրի բարելավումն է, հանրության մոտ բավարար վստահության ձևավորումը և նաև տնտեսության դիվերսիֆիկացիայի հայտարարված ցանկությունները: Հուսանք, որ կփոխվի կառավարության աշխատելաոճը և այս ուղղություններով մենք նույնպես կհասնենք ինչ-որ դրական արդյունքների: Նկատի առնելով, որ ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունն արդեն իրողություն է, մնում է, որ մեծ ջանքեր գործադրվեն այդ հնարավորություններն արդյունավետ օգտագործելու ուղղությամբ»: