ԵՄ-ն չի պատրաստվում հրաժարվել Հայաստանից. եվրոպացի դիվանագետ
«ԵՄ-ն Հայաստանի հետ համագործակցել կարող է շատ տարբեր մակարդակներում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարշալ հիմնադրամի Անդրատլանտյան ավագ փորձագետ, 1991-92 թվականներին Սլովակիայի արտգործնախարար, արևմտյան հեղինակավոր վերլուծաբան Պավոլ Դեմեշը`անդրադառնալով ԵՄ-ՀՀ հարաբերությունների ապագային ԵՄ Հարևանության քաղաքականության վերանայման դեպքում:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն բավականին անսպասելի բարդ և անկանխատեսելի հարևանություն ունի: Ըստ դիվանագետի` խոսքը և՛ հարավային, և՛ արևելյան հարևանության մասին է: Դեմեշի հավաստիացմամբ` ԵՄ նոր ղեկավարության համար, որն իր դիրքորոշումները հստակեցրեց նախորդ տարվա վերջին, հատկապես Արևելյան Եվրոպան գլխավոր առաջնահերթությունն է նաև ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով, որը ողջ մայրցամաքի կայունության և խաղաղության համար հեռուն գնացող հետևանքներ կարող է ունենալ:
«Արևելյան գործընկերության վեց երկրներն աշխարհաքաղաքական բախման առարկա են դարձել` միևնույն ժամանակ այս երկրներից մի քանիսն ավելի մոտ են ԵՄ-ին, իսկ մյուսները` Ռուսաստանի կողմից կառավարվող Եվրասիական տնտեսական միությանը: Եթե Հայաստանը միանար ԵՏՄ-ին նույնիսկ անցյալ աշնանը, ապա ԵՄ-ն, միևնույն է՝ չի պատրաստվում հրաժարվել երկրից: Հայաստանի դեպքում տարբեր հնարավորություններ կան ԵՄ երկրների հետ համագործակցության տեսանկյունից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ մարդկային շփումների ոլորտում»,- ասաց Դեմեշը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: