Բարաք Օբաման ազնիվ մարդ է. Ռաուլ Կաստրո
France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն տետ-ա-տետ ձևաչափով հանդիպում են ունեցել Պանամայում անցկացված Ամերիկայի գագաթաժողովի շրջանակներում:
Այդ բանակցությունները դարձան երկու երկրների առաջնորդների միջև վերջին կես դարում առաջին բանակցությունները: Օբաման հայտարարել է, որ իրենք շարունակելու են մտահոգություն հայտնել Կուբայում ժողովրդավարության հարցի վերաբերյալ, իսկ Կուբան էլ մտահոգություն է հայտնելու ԱՄՆ-ի վարած քաղաքականության վերաբերյալ:
Օբաման վստահություն է հայտնել, որ իրենց անհամաձայնությունը պետք է ընթանա հարգալից ոգով: Օբաման հայտարարել է, որ հետագայում իրենք կարող են թերթել էջը և զարգացնել երկրների միջև նոր հարաբերությունները: Ռաուլ Կաստրոն իր հերթին հայտարարել է, որ Բարաք Օբաման ազնիվ մարդ է:
Ավելի վաղ Օբաման պատմական իրադարձություն էր որակել այն փաստը, որ ինքն ու Կաստրոն պատրաստվում են նստել բանակցային սեղանի շուրջ: Օբամայի խոսքերով` դա շրջադարձային կետ կհանդիսանա ողջ տարածաշրջանի համար:
Կուբայի կառավարությունը ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցներից 1961-2010 թվականներին կրած տնտեսական վնասը գնահատում է 104 միլիարդ դոլար: