Սպառնում են նստացույց անել, եթե «պոռնո աստղին» շքանշան տան. Ընդդեմ Քիմ Քարդաշյանի բողոքի ակցիան տեղի չունեցավ
Այսօր «Սոցիալիստական շարժում» հ/կ-ի և «Ազգային արժեքների պահպանման ճակատի» անդամները համատեղ նախատեսել էին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնել ընդդեմ Քիմ Քարդաշյանի, սակայն բողոքի ակցիան տեղի չունեցավ: Դրա փոխարեն նախաձեռնության կազմերպիչները նամակ հանձնեցին ՀՀ կառավարությանը:
«Սոցիալիստական շարժում» հ/կ-ի ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը պարզաբանեց, որ իրենք որոշել են բողոքի ակցիա չանցկացնել՝ հաշվի առնելով այն, որ հիմա Ցեղասպանության տարելիցի նախօրեին՝ երկրում շատ հյուրեր կան: Նրա խոսքով՝ իրենք չեն ուզում հիմա դեստաբիլիզացնել երկիրը:
Նախաձեռնության անդամները կարծում են, որ բացասական բան չկա նրանում, որ Քիմ Քարդաշյանը եկել է Հայաստան, միայն թե «պետք չէր նման պետական մակարդակով, ազգային տարազով և աղ ու հացով ընդունելություն կազմակերպել պոռնո աստղի համար»: Ըստ նրանց՝ լավագույն դեպքում Մշակույթի նախարարի մակարդակով ընդունելություն պետք է լիներ:
«Ազգային արժեքների պահպանման ճակատի» ղեկավար Սևան Աղաջանյանն էլ ասաց, որ այն, որ Քիմ Քարդաշյանի այցով Հայաստանը գովազդ է արվում, դա նորմալ է, բայց իրենք չեն ընդունում «տվյալ երևույթին՝ որպես անբարոյական». «Մեր խնդիրն այն է, որ մեր կառավարությունը, պատկան մարմինները ինչ-որ շքանշաններ չհանձնեն Քիմ Քարդաշյանին»:
168.am-ի հարցին՝ չե՞ք կարծում Քիմ Քարդաշյանի այցը ավելի շատ դրական ազդեցություն ուենցավ, քան բացասական, Ս. Աղաջանյանը պատասխանեց, որ ինչ-որ դրական ազդեցություն ունեցավ, բայց ամեն դեպքում պետք չէ պետական մակարդակով, ազգային տարազով հայ կնոջ կերպարը համեմատել Քիմ Քարդաշյանի հետ. «Պետք չէր Հովիկ Աբրահամյանը պետական մակարդակով ընդուներ Քիմ Քարդաշյանին, որպես տղամարդ ես նրան հասկանում եմ, բայց նման բան չի կարելի»:
Նախաձեռնության կողմից վարչապետին ուղղված նամակում գրված է, որ Քիմ Քարդաշյանը «միշտ բիծ է քաշել հայ կնոջ կերպարի վրա», բայց այսօր մենք նրան ընդունում ենք հայկական տարազով և աղ ու հացով. «Եկեք չմոռանանք մեր արժեհամակարգը և չվտանգենք այն՝ պոռնո աստղին Հայաստանում գովազդելով: Խնդրում և պահանջում ենք, որ պետական ոչ մի շքանշան, ոչ մի պարգև չհանձնվի Քիմ Քարդաշյանին»:
Հարցին՝ ի՞նչ կանեք, եթե շքանշան հանձնեն Քիմ Քարդաշյանին, Ռ. Ահարոնյանը պատասխանեց, որ ինքը կառավարության շենքի դիմաց նստացույց կանի և համոզված է, որ շատերը կմիանան իրեն: Նրա խոսքով՝ իրենց գաղափարի աջակիցները շատ են: