Կոնստանտին Ռայկինի՝ Հայաստան կատարած առաջին այցելության հուշերն այնքան էլ հաճելի չեն
Հայտնի ռուս դերասան Կոնստանտին Ռայկինը առաջին անգամ չէ Հայաստանում, նրա խոսքով՝ ինքը շատ կապված է կովկասյան երկրների հետ, հատկապես՝ Հայաստանի և Ադրբեջանի, քանի որ իր նախկին կինը՝ Գյուլի Սալախովան, այս երկու ազգերի ներկայացուցիչ է եղել, ու հիմա ասես նա իրեն շատ հարազատ վայր է այցելել: Կոնստանտին Ռայկինն ասաց, որ ապրելով Ռուսաստանում՝ միշտ էլ հետևում է՝ ինչ է կատարվում իրենց հարևան երկրներում, Հայաստանում ևս, ու ամենևին կտրված չէ աշխարհից: Իհարկե, առաջին անգամ չէր Հայաստանում, բայց դերասանի համար առաջին այցելության հուշերն այդքան էլ հաճելի չէր վերհիշել:
«Շատ տխուր կլինի, որ դրա մասին պատմեմ, քանի որ ժամանեցի այստեղ ու ապշեցի այն կազմակերպության ոչ պրոֆեսիոնալիզմից, որն ինձ հրավիրել էր: Սովետական տարիներն էր, այդ ժամանակ ես երիտասարդ էի ու ուժով լի, իհարկե, ես հիմա էլ եմ երիտասարդ, և ինձ թվում է՝ ես հենց երիտասարդությունից էլ կմահանամ, բայց այդ ժամանակ ես ավելի շատ երիտասարդ էի, ու նրանք ինձ, կարելի է ասել՝ տանջեցին: Այն ամենը, ինչ նրանք ինձնից ուզում էին, որ անեի, ես այդ նույն բանը անում էի մոտ 27 անգամ, և նրանք չէին կարողանում ինձ նկարահանել, հետո նաև ինչ-որ տոմսերի հետ խնդիրներ առաջացան, ու դա պարզապես մի սարսափ էր»,- ասում է ռուս դերասան Կոնստանտին Ռայկինը:
Կոնստանտին Ռայկինի հետ զրույցում, իհարկե, չէր կարող նաև չհիշատակվել իր հայրը՝ սովետական հայտնի դերասան Արկադի Ռայկինը: Կոնստանտին Ռայկինը պատմեց ոչ միայն հոր մասին, այլև՝ մոր, ու նշեց՝ եթե մայրը չլիներ, հայրն առանց մոր՝ դրա կեսն էլ չէր լինի. մայրն իր ամբողջ կյանքն էր նվիրել հորը: Կոնստանտինը նաև ասաց, որ ավելի շատ մորն է նման, քան՝ հորը: Պատմելով հոր մասին՝ Կ. Ռայկինը նշեց, որ իր համար հոր արվեստն անկրկնելի է, նա դա Արկադի Ռայկինի ժանր է համարում, և, ըստ նրա, այդ ժանրով չի կարող խաղալ և ոչ մեկը, իսկ ով էլ փորձի, հաստատ լավ չի ստացվի նրա մոտ. «Ես կարծում եմ, որ այդ ճանապարհը փակ է, ու ինքս էլ երբևէ չեմ փորձել հորս ուղիով գնալ, ես նույնիսկ կարող եմ ասել, որ սատիրա չեմ սիրում, ես հումորն եմ սիրում»:
Լուսանկարը՝ հեղինակի