«6-րդ վարչությունն է տուժողներին կանչել հարցաքննության, անգամ մարդկանց թևերը ոլորելով են տարել»
168.am-ն անդրադարձել էր Լևոն Սարգսյանին պատկանող Սևան քաղաքի «Ախթամար» հյուրանոցում գործող «Գոլդեն Փելես» խաղատան աշխատակիցների բողոքին, ՀՀ ղեկավարությանն ու իրավապահ մարմիններին ուղղված նրանց նամակ-հայտարարությանը, որով պահանջում են քրեական գործ հարուցել ամիսներ շարունակ իրենց չվճարված աշխատավարձերի փաստով:
Տուժողների ներկայացուցիչ, «Քաշաթաղ» հ/կ նախագահ Ռոբերտ Սիմոնյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ իրավապահ մարմինները չեն կատարում իրենց պարտավորությունն ու քրեական գործ չեն հարուցում տուժողների ներկայացրած հանրային մեղադրանքի հիման վրա: Նա նշեց, որ դատախազությունն ուղարկել է գրություն Գեղարքունիքի ոստիկանություն և, միաժամանակ, 6-րդ վարչություն, որպեսզի զբաղվեն այդ հարցով: Սակայն, ըստ նրա, որպեսզի միաժամանակ երկու մարմին զբաղվեն նույն գործով, հատուկ որոշում պետք է լինի, որը չկա:
Ռ. Սիմոնյանը նշեց, որ բողոք է ներկայացրել 30 անձ և գործ պետք է հարուցվեր ոչ միայն աշխատավարձը չվճարելու հանգամանքով, որ առկա է թրաֆիքինգ, այլև արդյոք այդ ընկերությունը կարո՞ղ էր այդ գործունեությամբ զբաղվել, թե՞ ոչ, պայմանագիր կնքվե՞լ էր աշխատողների հետ, թե՞ ոչ, հարկեր վճարվե՞լ են, թե՞ ոչ.
«Գլխավոր դատախազին, Հատուկ քննչական ծառայությանն ու նաև Քննչական կոմիտեին ուղղված դիմումը հանրային մեղադրանք է մարդկանց շահագործման մասին: Այդ կառույցները պարտավոր էին գործ հարուցել, բայց որևիցե մեկը գործ չի հարուցել: Առկա է նաև ազգային, ռասսայական խնդիր, որ այլազգիներ են նաև շահագործվել»: Նրա խոսքով՝ իրավապահները խոսում են միայն աշխատակիցների աշխատավարձը չվճարելու մասին, իսկ այլ ուղղություններով պետության դեմ կատարված հանցագործության մասին լռում են:
«Կոռուպցիայի հետևանքով է, թողտվության շրջանակներն են, որ ուժային մարմինները ոչ մի կերպ ընթացք չեն տալիս: Ընդ որում՝ 6-րդ վարչությունն է տուժողներին կանչել հարցաքննության: Նման օրենք չկա, որ տուժածներին սպառնում են բերման ենթարկել: Քր. դատավարության 153 հոդվածով պետք է հարուցվի քրեական գործ, անձը ճանաչվի մեղարյալ, կասկածյալ, տուժող և այլն, ապա նոր հրավիրվի բացատրություն տալու: Այլապես դա ահաբեկություն է, անգամ մարդկանց թևերը ոլորելով են տարել»,- ասաց Ռ. Սիմոնյանը՝ հավելելով, որ սահմանդրական կարգ է խախտվում:
«Ծրագրված կատարվում է ոչ թե հանցագործությունը բացահայտելու, այլ այն պարտակելու ծրագիր: «Ախթամարի» գործունությունը կախված է Սերժ Սարգսայնի թողտվության, համաձայնեցման, ֆիննախարարության, հարկային տեսչության, ոստիկանության հետ, այսինքն՝ կոռուպցիոն համակարգ է, որ թույլ չի տալիս, որ տվյալ կառույցները գործեն օրենքի շրջանակում ու մեղավորներին պատասխանատվության ենթարկեն»,- ասաց Ռ. Սիմոնյանը: