Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակած Արթուր Միրզոյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Московский комсомолец թերթի փոխանցմամբ` Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կրակած Արթուր Միրզոյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման:
Միրզոյանն ազատազրկումը կրելու է ոչ խիստ ռեժիմով կալանավայրում: Դատարանը որպես մեղմացուցիչ հանգամանք հաշվի է առել այն, որ Միրզոյանի խնամքի տակ են գտնվում նրա երկու երեխաները:
Նա դատարանին հայտնել է, որ դա եղել է քաղաքական բողոք. տղամարդը ցանկացել է այդպիսով ուշադրություն հրավիրել Հայոց ցեղասպանության վրա:
Добрый лес ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, 35-ամյա Արթուր Միրզոյանը Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրայի գերբին կրակել է 2014 թվականի օգոստոսի 18-ին: Ի դեպ, նա կրակել է թուրքական արտադրության զենքից, որը գնել էր ավելի վաղ, քանի որ սիրում էր որսի գնալ:
Ակտիվիստը երկու անգամ դիպել է թիրախին, ինչը հանգստացրել է նրան և սպասել է ոստիկանության ժամանմանը: Նա այդպիսով հույսով է եղել, որ ավելի շատ մարդկանց ուշադրություն կբևեռի խնդրի վրա: Միրզոյանն ընդգծել է, որ բողոքել է 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության դեմ:
Բացի այդ, անցյալում Թուրքիայում իսլամականների գործողություններից տուժել են նրա ազգականները, և տղամարդն այլևս ի վիճակի չի եղել հաշտվել անարդարության հետ: