Ադրբեջանը պլանավորում է անցում կատարել մանաթի «կառավարվող լողացող փոխարժեքի»

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Կենտրոնական բանկը պլանավորում է անցում կատարել մանաթի լողացող փոխարժեքի ռեժիմի: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովը:

Նրա խոսքերով՝ Ադրբեջանը դեռ պատրաստ չէ ամբողջովին անցում կատարել մանաթի լողացող փոխարժեքին, քանի որ դրա համար երկրում պետք է ստեղծվեն բավականաչափ կազմակերպություններ, որոնք վաստակում են մեծ միջոցներ:

Ռուստամովն ընդգծել է, որ ներկայումս Ադրբեջանում նման կազմակերպությունները երեքն են՝ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը, Կենտրոնական բանկն ու SOCAR ընկերությունը.

«Եթե մենք անցում կատարենք «ամբողջական լողացող կուրսի», ապա անկախ շուկայում տիրող իրավիճակից՝ մանաթը կարող է ինչպես ամրապնդվել, այնպես էլ արժեզրկվել 20-30 տոկոսով: Իսկ դա իր հերթին կարող է բացասաբար ազդել երկրի տնտեսության վրա»:

Ռուստամովը հայտարարել է, որ Ադրբեջանը ներկայումս անցում է կատարում մանաթի «կառավարվող լողացող փոխարժեքի»:

Տեսանյութեր

Լրահոս