«Ալ-Քաիդան» ակտիվ մարտեր է մղում Եմենում
Sky News Arabia-ի փոխանցմամբ՝ «Ալ-Քաիդայի» զինյալները գիշերը հարձակվել են Եմենի հարավ-արևմուտքում՝ Ադենից 480 կիլոմետր հեռավորության վրա, գտնվող Էլ-Մուկալա քաղաքի վրա, որը հանդիսանում է Հադրամաուտ նահանգի վարչական կենտրոնը:
Իսլամականների ու բանակային ստորաբաժանումների միջև մարտերն ընթացել են նախագահական պալատի, Կենտրոնական բանկի, նավահանգստի ու անվտանգության գլխավոր վարչության շենքերի շրջաններում:
«Ալ-Քաիդայի» ծայրահեղականները հարձակվել են նաև քաղաքի կենտրոնական բանտի վրա և ազատ են արձակել մի քանի հարյուր բանտարկյալի, որոնցից շատերը կապված են եղել «Ալ-Քաիդայի» հետ: Բացի այդ, նրանց թվում կան նաև ահաբեկչական խմբավորման առաջնորդներ:
Բանակային ստորաբաժանումներն ահաբեկիչների հետ բախումներում գործի են դրել հրետանի ու զրահատեխնիկա, ինչպես նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ: «Ալ-Քաիդան» Եմենում իր գործունեությունը զգալիորեն ավելացրել է այն բանից հետո, ինչ Սաուդյան Արաբիան և արաբական մյուս երկրները ռազմական գործողություն են ձեռնարկել այդ երկրում: