Թիվ 182 ավագ դպրոցը կգործի Մայր Աթոռի հոգածության ներքո
Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց հիմնադրամում այսօր տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Դպրոցը ՀՀ կառավարության որոշմամբ պետական ոչ առևտրային կազմակերպությունից վերածվել է հիմնադրամի՝ անցնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայության տակ:
Նախարարը նշել է, որ իրավական նոր կարգավիճակով պայմանավորված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է կատարվի դպրոցի կառավարման մարմինների ձևավորում, որից հետո կհայտարարվի տնօրենի թափուր տեղի մրցույթ: Ներկայացնելով հարցի իրավական կողմը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ դպրոցը Մայթ Աթոռի ենթակայությամբ դառնալու է հումանիտար ուղղվածությամբ նախամասնագիտական ավագ դպրոց.
«Ե՛վ Մայթ Աթոռը, և՛ ՀՀ ԿԳՆ-ն այս նախագծի հետ մեծ հույսեր են կապում: Մենք ակնկալում ենք, որ Մայթ Աթոռի հոգածության ներքո դպրոցը նոր շենքային պայմաններ ու տեխնիկական հագեցվածություն կստանա, ինչպես նաև նոր բովանդակություն՝ ապոհովելով կրթության ավելի բարձր որակ»,- իր խոսքում նշել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ դպրոցի շենքն ունի վերանորոգման անհրաժեշտություն: Ա. Աշոտյանի խոսքով՝ հարցը քննարկվել է Վեհափառ հայրապետի հետ, ով ևս մտահոգ է խնդրով և պատրաստ է քայլեր ձեռնարկել՝ դպրոցն ավելի մրցունակ և արդիական դարձնելու ուղղությամբ:
Նիստի ընթացքում թիվ 182 ավագ դպրոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները միաձայն հոգաբարձուների խորհրդի նախագահ են ընտրել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին:
Նիստից հետո ՀՀ ԿԳ նախարարը շրջել է դպրոցում, զրուցել ավագ դասարանների աշակերտների հետ՝ նրանց մասնագիտական կողմնորոշումների, ավարտական և ընդունելության քննությունների նախապատրաստական աշխատանքների և այլ հարցերի մասին:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն