Ջուս. «Ցեղասպանությանը նվիրված փշաքաղեցնող ֆոտոշարք եմ ներկայացնելու»
Մշտապես սկանդալային, աչքի ընկնելու մեծ փորձով և անկոտրում ձգտումով հայտնի երգչուհի Ջուսը մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է մինչև ապրիլի 24-ը ներկայացնել իր նոր ֆոտոշարքը՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ինչո՞ւ է Ջուսն առհասարակ որոշել դիմել նման քայլի, ո՞րն էր երգչուհու նշանադրության «փլուզման» պատճառը, և արդյոք այդ նշանադրությունն ընդհանրապես իրակա՞ն էր, թե՞ պարզապես նախապես մտածված PR քայլ էր. այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Ջուսի հետ:
– Ջուս, մեր հեռախոսազրույցի ընթացքում նշեցիք, որ բավական հետաքրքիր նոր ֆոտոշարք եք պատրաստվում ներկայացնել ապրիլ ամսին: Այն հետաքրքրական է ոչ այնքան նրանով, որ առնչվում է Ցեղասպանության թեմային, այլ, որ տվյալ ֆոտոշարքի հերոսուհին Դուք եք լինելու: Կբացե՞ք փակագծերը:
– Ես որոշեցի անել ֆոտոշարք՝ նվիրված Ցեղասպանությանը: Կարող եմ միայն ասել, որ այն իր ազդեցությամբ լինելու է փշաքաղեցնող:
– Ի՞նչ իմաստով:
– Չեմ կարող բացել փակագծերն ամբողջությամբ: Թող մնա գաղտնիք, բոլորը կտեսնեն այն ապրիլին: Նկարել է նոր լուսանկարչուհի Ռոսաննեն: Ֆոտոշարքը բոլորովին այլ բան է՝ տվյալ թեմային իր մոտեցմամբ: Մեծամասամբ բոլորն այդ թեմային անդրադառնալիս՝ նկարում են Ծիծեռնակաբերդում կամ գրում են՝ «Արմենիա՝ 100 տարի»…
– Կոնկրետ ե՞րբ եք պատրաստվում ներկայացնել այդ ֆոտոշարքը:
– Մինչև ապրիլի 24-ը:
– Կարծում եմ, որ Դուք գիտակցում եք, որ հատկապես Ձեզանից նման ֆոտոշարք քչերն են սպասում: Ձեզ քիչ թե շատ ճանաչողներն արդեն սովոր են ավելի էքսպրեսիվ, բաց, սեքսուալ ֆոտոշարքեր տեսնելու, բայց հաստատ՝ ոչ այդ թեմային անդրադարձ՝ Ձեր կողմից: Բացահայտ գնում եք, այսպես ասած, «քննադատության գիրկը»: Ինչո՞ւ:
– Իմ բեմական կերպարը կարող է և նման խոսակցությունների տեղիք տալ: Բայց կա մի մեծ ԲԱՅՑ: Այդ ցավալի թեման նաև իմ ընտանիքին է վերաբերում: Իմ նախապապն էլ է պատկանում այն հայերի շարքին, ովքեր տեսել են այդ ջարդն իրենց աչքերով: Ցեղասպանության ժամանակ նրա ծնողները զոհվեցին, իսկ նրան փրկեց մի կին, ով նրան իր փեշերի տակ պահելով՝ հասցրել էր դեպի նավ, որն էլ նրանց տարել էր Սուխում քաղաք: Այդպես նա փրկվել է: Ես իմ այդ ֆոտոշարքը նվիրում եմ նաև իմ նախապապին:
– Նման ֆոտոշարքն ինչպե՞ս կընդունվի:
– Կարծում եմ՝ իմ անկեղծ վերաբերմունքն ու հուզմունքը կերևա այդ ֆոտոշարքի յուրաքանչյուր լուսանկարից: Հիմա, անգամ եթե անում են նման ֆոտոշարքեր, շատ տարօրինակ է, բայց անում են մի տեսակ գլամուրային դեմքերով:
– Տպավորություն է ստեղծվում, որ սկսած Հայաստանում գործող բջջային օպերատորներից և վերջացրած հասարակ առևտրականներով, բոլորը որոշել են գովազդվել՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի փաստն օգտագործելով և հերթական անգամ գումար աշխատելով: Էլ չենք խոսում անմոռուկների մասին, որոնք, առևտրականների թեթև ձեռքով, ամենուր են… Շուտով ի հայտ կգան նաև տեսահոլովակները, ֆոտոշարքերը…
– PR-ը միանգամից երևում է, երբ դա արված է զուտ PR-ի համար: Ես որոշեցի այդ քայլն անել ոչ թե՝ այն պատճառով, որ իմ մասին հերթական անգամ խոսեն, այլ՝ քանի որ, նորից եմ կրկնում, այդ թեման ինձ համար միայն պատմություն չէ:
– Ֆոտոշարքից անցում կատարենք դեպի Ձեր հայտնի ծննդյան տարեդարձը, որտեղ Դուք ի լուր աշխարհի ներկայացրեցիք Ձեր նշանածին: Ի՞նչ եղավ հետո:
– Դա անցյալ տարի էր: Բոլորը շնորհավորում էին՝ մի քանի ամիս: Կան մարդիկ, որոնք, բանից անտեղյակ, մինչ օրս էլ շնորհավորում են: Ասում եմ. «Արդեն բաժանվել եմ, ի՞նչ շնորհավորել»:
– Ի՞նչը բաժանման պատճառ հանդիսացավ:
– Ուղղակի սիրում եմ, երբ տղամարդը լինում է խոսքի տեր: Ինչ ասում՝ անում է, կամ անում է, հետո նոր՝ ասում: Եվ կապ չունի՝ դա իմ նշանածն է կամ պարզապես ընկեր, ես չեմ կարողանում շփվել նման տղամարդու հետ, եթե նա ի վիճակի չէ իր խոսքի տերը լինելու: Նման մարդկանց հետ կարելի է միայն նստել սուրճ խմել և անհետանալ:
– Այդ ի՞նչ էր խոստացել, որ չէր կատարել: Կապ ունի՞ Ձեր կարիերայի հետ:
– Շատ բաներ էր խոստացել՝ թե՛ անձնական, թե՛ կարիերայի հետ առնչվող…
– Ո՞վ է որոշել, որ վերջ՝ նա՞, թե՞ Դուք:
– Ես եմ որոշել:
– Երբ Դուք Ձեր նշանադրության մասին հայտնեցիք ի լուր աշխարհի, մի ամբողջ հաղորդում էր նվիրված այդ ամենին… Կարծիքներ կային, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում, և, որ պարզապես շոու էր՝ Ձեր մասին հերթական անգամ հայտնելու համար:
– Ես PR-ի կարիք երբեք չեմ ունեցել: Իմ ցանկացած ստատուս կամ պարզապես նորություն իմ մասին, միշտ բուռն քննարկման առիթ է հանդիսանում: Իմ մասին խոսում են ցանկացած իմ հարցազրույցից հետո:
– Բայց Դուք ինքներդ եք ամեն ինչ անում, որ Ձեր մասին խոսեն: Դուք անընդհատ ուզում եք տարբերվել:
– Ես այդպիսին եմ իմ էությամբ: Ես ոչ թե նստում և հորինում եմ, թե ի՞նչ կարելի է անել՝ տարբերվելու համար, այլ ուղղակի ինձ մոտ միանգամից գալիս է այդ միտքը, որ պետք է նոր մի բան ստեղծել և մատուցել:
Անգամ բեմի վրա երգելու ընթացքում ես կարող է այնպիսի մի բան անեմ, որ ինքս էլ ինձանից չէի սպասում:
– Ի՞նչ եք կարծում՝ նման բուռն խառնվածքի տեր կնոջ հետ որքանո՞վ է հեշտ ընտանիք կազմել: Միգուցե և Ձեր բնավորության այդ գի՞ծն էր Ձեր բաժանման պատճառը:
– Չէ, բացարձակ դա չէր պատճառը: Նա ուղղակի իր խոսքի տերը չեղավ:
– Հիմա Դուք ինչո՞վ եք զբաղված:
– Երգում եմ երեք ակումբներում: Պատրաստվում եմ տեսահոլովակ նկարահանել «No Fashione» երգի հիման վրա: Այն պետք է լինի սկանդալային, քանի որ ինձանից այդպիսի ոճ և մոտեցում հաստատ ոչ ոք չի ակնկալում:
– Որքա՞ն արժե Ձեր մասնակցությունը կորպորատիվ խնջույքին կամ մասնակցությունը կնունք-ծնունդ-հարսանիքներին:
– Ուղղակի հիմա Երևանում չկան շատ կորպորատիվներ: Եթե լինում են, ապա առանձնապես մեծ գումար չեն առաջարկում: Այդ իսկ պատճառով ես հրաժարվում եմ, քանի որ նրանք ի վիճակի չեն վճարել այն գումարը, որը ես եմ նշում: Եթե ինչ-որ օլիգարխներ իրենց խնջույքներն են նշում, հնարավոր է, որ նրանք և կանչեն մի քանի հոգու՝ երգելու: Սակայն նրանք մեծամասամբ Ռուսաստանից՝ երգիչ-երգչուհիներ են հրավիրում:
– Ասում են, որ աստղաբաշխական թվեր են պահանջում մեր արտիստները՝ խնջույքներին երգելու համար:
– Այդ աստղաբաշխական թվերը, որն իբրև առաջարկում են մեր հայ արտիստներին՝ խնջույքներին երգելու համար, ուղղակի ծիծաղելի են հնչում: Այդ գումարով կարելի է կանչել արտասահմանյան «գժական» մի խումբ:
– Օրինա՞կ:
– Մինչև 10 000 եվրոյով կարելի է կանչել, օրինակ՝ «Boney M», որ 40 րոպե մի լավ «տժժացնեն»: Իսկ մամուլում գրված էր՝ իբրև թե մի երգի դիմաց մերոնք 2000 դոլար են պահանջում: Ախր շատ ծիծաղելի է:
– Նշեցիք, որ այն գումարը, որը Դուք եք նշում, կորպորատիվի կամ հարսանեկան խնջույքի կազմակերպիչները չեն համաձայնում կամ ի վիճակի չեն լինում վճարել: Ի՞նչ թվի մասին է խոսքը:
– Օրինակ, եթե հարսանիք է՝ 1000 դոլարից սկսած:
– Մի՞ երգը:
– Երկու երգից սկսվում է, եթե լավ հարսանիք է: Իսկ ինչ վերաբերում է ակումբներին, ապա նրանք, բնականաբար, չեն կարող այդքան վճարել: Այնտեղ արդեն 100 000 դրամից է սկսվում վճարումը: