Ապրիլի 24-ին ընդառաջ՝ հյուրանոցների գները 20 տոկոսով թանկացել են

Երևանում վերջին շրջանում հյուրանոցների գները թանկացել են միջինը 20 տոկոսով՝ պայմանավորված փոխարժեքի տատանումներով և դրսից սպասվող այցելություններով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Armenia Travel» տուրիստական ընկերության տնօրեն Մարինա Կիպրիյանը:

«Ապրիլի 15-ից հետո գրեթե բոլոր ամրագրումները պաշտոնական այցեր են, որոնք տուրիստական գործակալությունների հետ կապ չունեն, քանի որ ամրագրումներով զբաղվում է պետությունը: Այս պահին Երևանի բոլոր հյուրանոցներն արդեն զբաղված են, և մենք անգամ ստիպված ենք լինում դրսից որոշ հետաքրքրվողների մերժել»,- տեղեկացրեց Մ. Կիպրիյանը:

Նրա խոսքով՝ այս շրջանում հիմնականում հետաքրքրված են 4 և 5-աստղանի հյուրանոցներով, սակայն ընդհանրապես զբոսաշրջությունը զարգացնելու համար պետք է ավելի շատ 3 և 4-աստղանի հյուրանոցները շատ լինեն, իսկ 5-աստղանի հյուրանոցները, որպես կանոն, պետական այցելությունների համար են:

Տուրիստական ընկերության տնօրենը կարծիք հայտնեց, որ Հայաստանը չի կարող դառնալ մասսայական տուրիզմի ուղղություն, սակայն դրսում այն արդեն ճանաչված և ընդունված է՝ որպես պատմամշակութային, առողջապահական, արկածային տուրիզմի երկիր:

Մարզային հյուրանոցներում այս պահին թանկացումները կազմում են 8 տոկոս՝ պայմանավորված փոխարժեքի տատանումներով, սակայն Երևանի նույն ծանրաբեռնվածությունն այնտեղ չկա:

«Ջոել» տուրիստական և տրանսպորտային կազմակերպության տնօրեն Սոնա Եղիազարյանը տեղեկացրեց, որ այս պահին հիմնականում ամրագրումներ անում են Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ղազախստանից։ Քանի որ հյուրանոցներն արդեն ազատ տեղեր չունեն՝ ապրիլի 24-ին ընդառաջ, իրենք գործակալությունների հետ քաղաքի կենտրոնում տներ են վարձակալում հյուրերի համար:

Ինչ վերաբերում է հյուրանոցների գներին, հետագայում, ըստ բանախոսների, հնարավոր է՝ դրանք պահպանվեն ներկայիս բարձր մակարդակի վրա, քանի դեռ դրամի էական արժևորում չի նկատվում:

Տեսանյութեր

Լրահոս