Սահմանին վիրավորված զինվորի բուժման երկրորդ փուլի համար ՊՆ-ն միջոցներ չունի. «Ազատություն»
23-ամյա Գևորգի բուժման համար 56 հազար դոլար է անհրաժեշտ:
Հայ-ադրբեջանական շփման գծում 4 տարի առաջ հակառակորդի գնդակից ծանր վիրավորում ստացած Գևորգ Եղիազարյանը հրաշքով է փրկվել: Մինչև այսօր, սակայն, չի կարողանում շարժվել․ ստիպված է ողջ օրն անցկացնել անկողնում: Վերականգնողական բուժման համար անհրաժեշտ է 56 հազար դոլար, որը Գևորգի ընտանիքը չունի:
Մայրը՝ Նաիրա Գալստյանը, պատմում է, որ Պաշտպանության նախարարությունը մեկ անգամ վճարել է Իսրայելում բուժելու համար, ինչի արդյունքում տղան կարողացել է գոնե սայլակով տեղաշարժվել: Գումարի բացակայության պատճառով, սակայն, բուժումն ընդհատվել է, և արդեն 3 տարի է՝ տղայի առողջությունը վատթարանում է:
«Թող տանեն մեկ այլ երկիր, թող էնտեղ մնա ապրի, իրանք ուզում են իրենց երեխաները իրենց կողքին լինեն, ես էլ եմ ուզում: Չէ՞ որ առողջ տվել եմ իմ երեխային», – «Ազատության» հետ զրույցում ասաց Նաիրա Գալստյանը:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չի հիշում դեպք, երբ նախարարությունը հրաժարվել է հոգալ արտերկրում բուժում ստանալու զինվորների ծախսերը, թեպետ ըստ Հովհաննիսյանի՝ դա ՊՆ-ի իրավասություններից դուրս է:
Գևորգի բուժման առաջին կուրսի համար 70 հազար դոլար նախարարությունը վճարել է, բայց այսօր անհրաժեշտ 56 հազար դոլարը չի կարող տրամադրել:
«Հիմա ինչ բուժում, որ հարկավոր է տվյալ զինծառայողին, Պաշտպանության նախարարությունը էս պահին էդ հնարավորությունը չունի նորից էդ ծավալի գումար հատկացնել: Իրանք մեզ դիմել են, մենք օգնել ենք մեր հնարավորությունների սահմաններում, բայց դրանից ավել, ցավոք, չենք կարող», – ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
«Ասել, որ չունեն ֆինանսական միջոցներ, նշանակում է հրաժարվել սեփական քաղաքացու նկատմամբ պարտավորություններից», -«Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով շատ դեպքեր գիտի, երբ զինվորները ծառայությունից վերադարձել են առողջական ծանր խնդիրներով: Սաքունցն ասում է՝ ժամանակն է, որ նախարարությունը բյուջետային քաղաքականություն մշակի:
«Ինքը գիտի, որ ունի այդ քաղաքացին և բուժման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները պետք է նախատեսի բյուջեի նախագծով և ներկայացնի Ազգային Ժողովի հաստատմանը: Չունենալը պայմանվորված է, որ չեն մտցրել, այսինքն՝ պարտավորությունը չի ուզեցել կատարել», – ասաց Արթուր Սաքունցը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: