Լրացուցիչ բեռ բնակչի համար. ջրաչափը պետք է փոխվի սպառողի հաշվին
Հին ջրաչափերը նորերով փոխարինելու մասին ծանուցումները շարունակում են մտահոգել քաղաքացիներին: Առանց այդ էլ սոցիալական վիճակը երկրում, մեղմ ասած, հուսադրող չէ։ Ու այս պայմաններում մարդիկ, առաջնային ծախսերը թողած, հիմա էլ պետք է հին ջրաչափը ստուգման տանեն, եթե անհրաժեշտ է` նորը ձեռք բերեն, դիմեն «Երևան-Ջուր» ընկերությանը՝ այն կնքելու համար։ Եվ այս ամենը՝ սեփական միջոցներով:
Քաղաքացիներին այս պահին զգուշացվում է, որ 15 աշխատանքային օրվա ընթացքում պետք է այս գործընթացն ավարտվի, ջրի դիմաց վճարումն այս դեպքում պետք է արվի նախկին 3 ամիսների միջին վճարման չափով։
«Ինձ զգուշացրել են, որ իմ միջոցներով պետք է ջրաչափը փոխեմ, հասցեն տվել են, որ տանեմ ստուգման։ Ինձ ավելի ձեռնտու է, որ հաստատագրված գումար լինի, վճարեմ ու վերջ, ոչ թե մտածեմ ջրաչափ փոխելու, ջրաչափը չվնասելու մասին: Իսկ եթե նման պահանջներ են դնում սպառողի առաջ, պետք է նաև կամ ֆինանսական հոգսը վերցնեն իրենց վրա, մարդկանց քաշքշուկներից ազատեն»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանում վարձով ապրող ուսանող Արմինե Կարապետյանը, ով ևս ստիպված է լինելու անցնել այս գործընթացով:
«Երևան-Ջուր» ընկերությունը գրավոր պատասխանելով 168.am-ի հարցադրումներին՝ տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ կառավարության 22.01.2004թ. 130-Ն որոշման, ջրաչափական սարքերը ձեռք են բերվում և սահմանված կարգով տեղադրվում են բաժանորդների հաշվին:
«Ուրիշ է, որ մայրաքաղաքի որոշ հատվածներում, որտեղ ընկերությունն իրականացնում է ջրաշինարարական աշխատանքներ, մասնավորապես` անհատական տնատիրություններով կառուցապատված թաղամասերում, ընկերությունը սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով, որպես բարի կամքի արտահայտություն, ոչ միայն բնակիչների հին հաշվիչներն անվճար հիմունքներով փոխարինում է նորերով, այլև նրանց համար կառուցում է նոր անհատական ջրագծեր, տեղադրում բետոնե դիտահորեր, փականներ ու զտիչներ: Բնակչին մնում է միայն իր տան ներքին ջրագիծը միացնել ջրաչափին, որը, որպես կանոն, տեղադրվում է մայթեզրին` դարպասի մոտ: Այս ամենի համար ընկերությունը մեկ բաժանորդի հաշվով ծախսում է միջինը 80-100 հազար դրամ»,- հայտնում են ընկերությունից:
Քաղաքացիներից շատերը դեռ շաբաթներ առաջ մեզ հետ զրույցում դժգոհում էին, որ իրենց չեն տեղեկացնում` իրե՞նց միջոցներով են ձեռք բերելու ջրաչափերը, թե՞ դրանք տրամադրվելու են ընկերության կողմից: Ստացվում է՝ տեղեկատվության պակաս կա այս հարցում։ Այս հարցի պատասխանը վերջնականապես հստակեցնելու համար մեջբերում ենք ընկերության պարզաբանումը բառացի. «Հաշվիչները բնակիչների սեփականությունն են և ձեռք են բերվում նրանց կողմից: «Երևան-Ջուր» ՓԲԸ-ն հաշվիչների վաճառքով չի զբաղվում: Դրանք կարելի է ձեռք բերել առևտրային ցանցից»:
Ինչպես նշվում է պարզաբանման մեջ, հաշվի առնելով, որ շուկայում վաճառվող հաշվիչների մի մասի վրա դրված կնիքները և անձնագրերում տպված դրոշմները չեն համապատասխանում Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից տրված ձևանմուշներին, դրանք կարող են ընդունվել միայն ընկերության Ջրաչափերի ստուգաչափման և չափաբերման ծառայության կողմից վերաստուգաչափվելուց հետո. «Ստուգաչափման պարբերականությունը սահմանված է 12 տարի: Ժամկետը լրանալու դեպքում բաժանորդները 1 ամիս առաջ այդ մասին պաշտոնապես ծանուցվում են: Ծանուցում ստանալու դեպքում բաժանորդը պարտավոր է 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմել ընկերություն, ստանալ կնիքի հանման թույլտվություն, սեփական միջոցներով ապամոնտաժել հաշվիչը և այն ներկայացնել վերաստուգաչափման՝ Շիրակի 94 հասցեում: Այնուհետև նա պետք է սեփական միջոցներով վերատեղադրի հաշվիչը և դիմի ընկերություն այն վերակնքելու համար»:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով ջրաչափերի նորացման հարցին՝ նշեց, որ եթե նվազագույն պարենային զամբյուղը 32 հազար դրամ է, այս դեպքում հավելյալ 15 հազար դրամը նոր ֆինանսական ծանրաբեռնվածություն է սպառողի համար:
«Սպառողն իր ջրաչափը փոխի, թե ոչ, իր բնականոն կյանքում ոչ մի փոփոխություն չի լինի։ Ջրաչափի տեխնիկական, ինչպես նաև նորացման խնդրով ամենաշահագրգիռ կողմը պետք է լինի ծառայություն մատուցողը: Նման սոցիալական պայմաններում այս բեռը թողնել սպառողի ուսերին անընդունելի է»,- ասաց Բ. Պիպոյանը՝ նկատելով, որ կան երկրներ, որտեղ գործում է այս նույն գործընթացը, որն անհարմարություններ է առաջացնում սպառողների համար:
Ընկերությունը ջրի սակագնի վերանայման հայտում լրացուցիչ 2 դրամի պահանջ էր ներկայացրել։ Մեծ հաշվով, սխալ կլինի դա անվանել տեսանելի թանկացում, որովհետև միջին ընտանիքի հաշվով այդ տարբերությունը կազմելու է ամսական 25 դրամ: Սակայն բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ եթե սակագինը փոխվում է, ընկերությունը պետք է հաշվի առնի նաև ջրաչափը փոխելու լրացուցիչը բեռը: «Ջրաչափերը պետք է տրամադրվեն անվճար, մենք կորցնելու բան չունենք, թող իրենք մտածեն։ Ուրիշ բան, եթե մեր մեղքով վնասվի կամ կնիքը պոկվի, թող տույժեր ու տուգանքներ լինեն: Թոշակառու մարդ եմ, 40 հազար դրամով եմ ապրում, էս տարիքիս էստեղ-էնտեղ չեմ ընկնելու ջրաչափ ստուգելու համար, կամ 12 հազար ծախսեմ՝ նորն առնեմ»,- դժգոհեց 72-ամյա բնակիչը:
Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ սպառողների հետ խնդիրներ են առաջանում հիմնականում մատուցված ծառայությունների դիմաց ոչ լիարժեք կամ ժամկետի խախտմամբ վճարումների հետ կապված: Նման դեպքում նախնական զգուշացումից հետո, եթե կողմերը չեն գալիս համաձայնության, հարցին վերջնական լուծում է տրվում դատական կարգով:
Ջրօգտագործման խախտումները ևս տարածված են, մասնավորապես, հաշվիչի բնականոն աշխատանքի խախտում, ջրաչափի կողանցմամբ ջրընդունում, հաշվիչի կնիքների վնասում: Նման դեպքում կազմվում է ջրօգտագործման կանոնների խախտման ակտ, որը հիմք է հանդիսանում ջրօգտագործողի, բաժանորդի կողմից օգտագործված ջրի ծավալի հաշվարկի կամ վերահաշվարկի, ճշգրտման համար: Գումարի բռնագանձումը կարող է կատարվել դատական կարգով: