Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած դրույթները առաջարկում են չաշխատող լուծումներ. Հ. Նաղդալյան

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը «Իրատես դե ֆակտո»-ի կայքին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագծին:

Ի՞նչ առաջարկներ, դիտողություններ ու լրացումներ կարող են լինել ՀՀ առաջին նախագահի ուղերձին և թե ինչո՞ւ է, իր գնահատականով, Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտից տեղափոխվել ազգային դաշտ հարցին ԱԺ փոխխոսնակը պատասխանել է.

– Ես այդքան կտրուկ չէի ձևակերպի, որ առաջին նախագահը քաղաքականից տեղափոխվել է ազգային դաշտ, քանզի ազգային դաշտի խնդիրներն էլ քաղաքական խնդիրներ են: Քաղաքագիտական վերլուծություններում (թե ՀԱԿ-ի, և թե ԲՀԿ-ի մասով) ֆիասկոյի մատնվելուց հետո նա սպասում է, թե քաղաքական զարգացումները, ի վերջո, ինչ պատկեր են ունենալու և որտե՞ղ ու ինչպե՞ս պիտի ՀԱԿ-ը դիրքավորվի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ ապահովելու իր ներկայությունը նոր Ազգային ժողովում, իսկ մինչ այդ իր անձնական ներկայությունն է ապահովում քաղաքական դաշտում ազգային խնդիրների քննարկումով՝ ոչ ավելին:
Դա նշանակո՞ւմ է, որ Լևոն ՏերՊետրոսյանի առաջարկները հերթապահ ու ընթացիկ են:
-Դա նշանակում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակում է իր նախագահության օրերից բանաձևած քաղաքականությունը: Նրա հեղինակած ուղերձի 1-7 կետերը վերաբերում են պատմությանը և, իհարկե, կարող են թե լրացվել, թե փոփոխվել, եթե խնդիր դրվի Հայկական հարցի պատմությունը սեղմ ներկայացնել: Ամբողջ խնդիրն այն է, թե ո՞րն է ուղերձի նպատակը: Եթե անցյալը գնահատելը, ներկա ու ապագա անելիքները սահմանելը, ապա ուղերձը վիճելի է դառնում 8-13-րդ կետերով:

– «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի և Համահայկական հռչակագրի հակադրո՞ւմը նկատի ունեք:

-Ոչ միայն, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ Ցեղասպանության ճանաչման խնդիրը չպիտի դառնա ՀՀ արտաքին քաղաքականության հիմնաքար, նախ պիտի բացատրի, թե ինչ է հասկանում ցեղասպանության ճանաչման տակ։ Ո՞րն է պահանջատիրության իր սահմանած բովանդակությունը: Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը միջազգային խնդիր է, որ հենց ինքն է սահմանում ուղերձի 6-րդ կետով: Հողային պահանջը բոլորովին այլ խնդիր է, որ, այո, այս պահին և դեռ երկար մենք չենք կարող բարձրացնել, նյութական փոխհատուցումը երրորդ կողմն է, որի իրավունքը ունեն վերապրածների ու զոհվածների ժառանգները:

ՈՒղերձը՝ ուղերձ իր առանձնահատկություններով, բայց տարընթերցումների տեղ չպիտի մնա: Ես նաև չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունը սփյուռքին օրակարգ է թելադրում՝ սա այն հարցն է, որ իսկապես Հայաստանն ու սփյուռքը միասնական են: Համաձայն եմ, որ սփյուռքահայերը կարող են իրենց բնակության երկրի իշխանությունից պահանջել ցեղասպանության ճանաչում, բայց ո՞ւմ համար է գաղտնիք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրները հաշվի են առնում և իրենց գերակայությունները, և Թուրքիայի դիմադրությունը: Հայերի պահանջներն այս պարագայում էական, բայց վճռորոշ չեն: Հայկական սփյուռքը շատ տարողունակ ու տարածական է, չեն կարող նույն ակնկալիքները լինել քրիստոնեական Արևմուտքից ու մուսուլմանական Արևելքից: Ցեղասպանությունը ճանաչելու պահանջը միայն Հայաստանի պահանջը չէ, հայկական սփուռքի պահանջն է, ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը արժևորող միջազգային հանրության պահանջն է, որ Թուրքիան կատարելու է: Եթե ոչ այսօր, տասը կամ գուցե քսան տարի հետո, բայց կատարելու է, որովհետև Թուրքիայում էլ աստիճանաբար սեփական պատմության իմացության անհրաժեշտությունը գերակայելու է: Հայաստանը հիսուն տարի պահանջ չի դրել, բայց Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները անդամակցության չեն հասել: Հայաստանը չի կարող և չի էլ պատրաստվում ԵՄ-ին թելադրել Թուրքիայի անդամակցության որևէ պայման: Այո, ԵՄ անդամ Թուրքիան Հայաստանի համար շատ ավելի կանխատեսելի ու նախընտրելի հարևան է, բայց այդ հարցերը Հայկական հարցի հետ կապել-չկապելը ԵՄ խնդիրն է: Վստահ եղեք, որ Թուրքիայի առաջ ԵՄ դռները չբացելու պատճառները շատ ավելի խորքային են, քան Հայոց ցեղասպանության ճանաչել-չճանաչելը, որքան էլ դա մեզ համար ցավոտ հնչի:

Ճի՞շտ է հայ-թուրքական հարաբերությունները քննարկել ԼՂՀ հարցի տեսանկյունից:

-Ճիշտ է՝ Թուրքիայի տեսակետից: Իրականում դա արհեստական կապ է, Թուրքիայի համար շատ հարմար դիրք է՝ իր ուղեծրում պահելու համար Ադրբեջանին՝ մի կողմից, մյուս կողմից՝ մինչև ԼՂՀ հարցը լուծելը օրակարգում ցեղասպանության հարցն ունենալով՝ անորոշ ժամանակով հետաձգել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը: ԼՂ հարցի լուծման փուլային տարբերակը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացնում է 13-րդ կետում, կարծում եմ, բոլորովին այլ ուղերձի դրույթ է, որ պետք չէ շաղկապել ցեղասպանության խնդրի հետ: Ավելի արդյունավետ ու տրամաբանական կլիներ, որ վերջին կետը այլ ուղերձի բովանդակություն լիներ՝ ուղերձ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ:

Դուք անհրաժե՞շտ եք համարում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը շփման գծում:

-Ասում եմ, չէ՞, դա բոլորովին այլ քաղաքական օրակարգի հարց է , որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի հետ կապ պիտի չունենա: Միջազգային խաղաղապահների տեղակայումը կարող է դառնալ հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիք միայն որոշակի պայմանների առկայությամբ, դրա շրջանակը պիտի որոշի ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ պարտադիր Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ:

Լևոն Տեր-Պետրոսյանը այդքանը չգիտի՞, ինչո՞ւ է համատեղում ցեղասպանության ճանաչումը, հայ-թուրքական հարաբերությունները, ԼՂ հարցի լուծումը նույն փաստաթղթում:

-Սա ուղերձի նախագիծ է՝ անձնական տեսակետի կարգավիճակով, նույնն է, թե հարցնեք՝ ինչո՞ւ է մարդը մտածում: Մարդը մտածում է և եզրակացությունների մեջ կարող է թե ճիշտ, թե սխալ դրույթների հանգել: ՈՒղերձի հեղինակը իր տեսակետով համալիր լուծումներ է տալիս, իրականության մեջ այդ լուծումները չեն աշխատել ու չեն աշխատում: Այս պարագայում առաջին նախագահը անտեղի ու անօգուտ է օգտագործում իր անձնական արխիվը և փորձը, նրա առաջարկած դրույթները ընդամենը արձանագրում են պատմություն, իրավիճակ և առաջարկում են չաշխատող լուծումներ:

ԱԺ

 

Տեսանյութեր

Լրահոս