Սերժ Սարգսյանի խոստովանությունը
Ֆրանսիական հեղինակավոր «France 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ի թիվս մի շարք հայտարարությունների, հանդես է եկել բավական ուշագրավ մի արտահայտությամբ: Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք վստահո՞ւմ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Ես ինձ հարմարավետ եմ զգում Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններում»:
Ուշադրություն դարձրեք՝ նա չի ասել՝ վստահում եմ, այլ ասել է՝ հարմարավետ եմ զգում, իսկ դրանք միանգամայն տարբեր հասկացություններ են: Այս արտահայտությունը՝ բազմաթիվ շերտեր պարունակելով, իրականում ցույց է տալիս այն հիմքը, որի վրա կառուցված է Հայաստանի իշխանությունն ու նրա շարունակականության հաշվարկը:
«Հարմարավետ զգալ Պուտինի հետ հարաբերություններում». սա է այն քաղաքականությունը, ռազմավարությունը, նպատակը, որին մշտապես ձգտել են ու ձգտում են Հայաստանի ոչ միայն իշխանությունները, այլ նաև բոլոր այն ուժերը, ովքեր հավակնում են իշխանության:
«Ռուսական դաբրո» կոչվածը, որը մշտապես համարվել և համարվում է Հայաստանի քաղաքական կյանքի ամենադոմինանտ գործոնը, կառուցված է հենց այդ «հարմարավետության» զգացողության ձգտման վրա: Այլ հարց է, որ Պուտինի հետ Հայաստանի իշխանության, նախագահի անձնական հարմարավետությունը գրեթե հակադարձ համեմատական է Հայաստանի Հանրապետության՝ որպես պետության «հարմարավետությանը» Ռուսաստանի հետ հարաբերություններում: Որովհետև իշխանության հարմարավետությունը ձեռք է բերվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, պետական արժանապատվության հետևողական ու համակարգված ոտնահարման հաշվին:
Ռուսաստանը Հայաստանում և Հայաստանից ստանում է այն ամենը, ինչը ցանկանում է՝ փոխարենն ապահովելով «հարմարավետություն Պուտինի հետ հարաբերություններում»: Հենց այս բանաձևի վրա էր խարսխված նաև 2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը՝ անդամակցել Մաքսային միությանը: Հակառակը նշանակելու էր՝ Պուտինի հետ հարաբերություններում հարմարավետության զգացողության կորուստ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, քանի որ Հայաստանի քաղաքական համակարգում մշտապես երկար հերթ է գոյացած այդ հարմարավետությանն արժանանալու համար:
Պատահական չէ, թերևս, որ Սերժ Սարգսյանն այդ հայտարարությունն արել է հերթի «առաջին շարքում» կանգնած ԲՀԿ-ին ու նրա շուրջ կազմավորված ոչ իշխանական ուժերի բևեռը կազմաքանդելուց հետո: Ակնհայտ է, որ ոչ իշխանական եռյակն էապես ստվերում էր Պուտինի հետ հարաբերություններում ամբողջական կոմֆորտի հաստատումը: