Կթանկանա՞ն արդյոք հյուրանոցները՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցիh ընդառաջ
Գնային առումով փոփոխություն նկատելի է, բայց ոչ այդքան ցայտուն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում սպասվող հյուրանոցային թանկացումներին, տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Նա նշեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում այցելությունները չեն կապվում ուղղակիորեն զբոսաշրջության հետ. «Մենք բոլորս՝ պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներս, անում ենք ամեն ինչ, որպեսզի հյուրերը պատշաճ ձևով ընդունվեն, և խնդիրներ չառաջանան: Մասնավորի հետ հանդիպումներ և քննարկումներ անցկացվում են, մեր ունեցած հնարավորություններով կարողանալու ենք հյուրերին հյուրանոցային տնտեսության օբյեկտներում և վարձով բնակարաններում տեղավորել, որոնք, ի դեպ, վերջին շրջանում ընդունված և համեմատաբար ավելի մատչելի տարբերակ են»:
Մ. Ապրեսյանը տեղեկացրեց, որ պարբերաբար տեղեկատվությունը տրամադրում են այն մարզերին, որտեղ կան հյուրանոցներ և վարձով բնակարաններ: Բնակարանները մինչև վերջերս, ըստ նրա, օրենսդրությամբ հստակեցված և հաշվառված չէին` որպես ծառայություն մատուցող օբյեկտներ, սակայն դրանք ևս կհաշվառվեն:
«Պետությունը մասնավոր հատվածի գնային քաղաքականությանը կարող է միջամտել օրենքով սահմանված դեպքերում և կարգով, և միայն այն սուբյեկտներին, որոնք ոլորտում գերիշխող դիրք են զբաղեցնում: Իսկ զբոսաշրջության և հյուրանոցային ծառայությունների ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ չկան, որովհետև գործում է կոշտ մրցակցություն: Հետևաբար՝ պետությունն ուղղակիորեն չի կարող ազդել գնային քաղաքականության վրա»,- հայտնեց մեր զրուցակիցը:
Վերջինս բացառեց, որ կգտնվեն առիթից օգտվողներ և արհեստականորեն գերշահույթներ հետապնդողներ. «Պետք է հաշվի առնել շուկայական հարաբերությունները, առաջարկ-պահանջարկը, որի արդյունքում հնարավոր են նաև գնային տեղաշարժեր: Այս պահին կան գնային փոփոխություններ, սակայն դրանք ցայտուն չեն: Մենք ոչ թե վերահսկելու ենք, այլն համագործակցելու, որպեսզի տուրք չտանք միայն շուկայական հարաբերություններին»,- շեշտեց Մ. Ապրեսյանը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում մամուլում տեղեկություններ են շրջառվում, որ ապրիլի 24-ին ընդառաջ՝ Հայաստանում հյուրանոցների գները կարող են մի քանի անգամ թանկանալ, որն այդ օրերին Հայաստանում գտնվող միջազգային լրատրվամիջոցների կողմից բացասական արձագանքի առիթ կդառնա: