Չինաստանը հաստատել է մեծ հեռահարության զենիթա-հրթիռային համալիրների շուրջ Թուրքիայի հետ պայմանագիր ստորագրելը. մամուլ
China Daily թերթի փոխանցմամբ՝ Չինաստանը հաստատել է մեծ հեռահարության HQ-9 զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) շուրջ Թուրքիայի հետ պայմանագիր ստորագրելը, որոնք արտահանվում են որպես FD-2000: Այս մասին հայտարարել է չինական CPMIEC (China National Precision Machinery Import & Export Corporation) ընկերության ներկայացուցիչը:
Նա հայտնել է, որ թուրքական կողմն իրենց արտադրանքի օգտին ընտրություն է կատարել 2013 թվականին: Թուրքիան մեծ հեռահարության ԶՀՀ-ների մրցույթը (4 միլիարդ դոլար) հայտարարել է 2009 թվականին: Մրցույթին մասնակցել են նաև ամերիկյան Raytheon & Lockheed Martin կոնսորցիումը, եվրոպական Eurosam կոնցեռնը և ռուսական «Ռոսօբոռոնէքսպորտը»:
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը փետրվարին հայատարարել էր, որ Թուրքիան պլանավորում է Չինաստանի հետ համագործակցել հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի ստեղծման հարցում: Յըլմազը հավելել է, որ ՀՀՊ-ի համակարգը չի ինտեգրվի ՆԱՏՕ-ի համակարգին:
Հիշեցնենք, որ սրանից առաջ թուրքական մամուլը հայտնել էր, թե Թուրքիան զենիթա-հրթիռային համալիրների հարցում կկողմնորոշվի Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիրքորոշումը պարզելուց հետո: