Նավթի ցածր գների պատճառով Ռուսաստանն այս տարի կկորցնի 135 միլիարդ դոլար. OPEC

RBC-ի փոխանցմամբ՝ 2015 թվականի արդյունքներով Ռուսաստանում նավթի արդյունահանման ծավալը կնվազի աննշան չափով: Խոսքը գնում է օրական մոտ 60.000 բարելի մասին: Այս մասին նշված է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) մարտյան զեկույցում:

OPEC-ի տվյալներով՝ 2015 թվականին Ռուսաստանում նավթի օրական արդյունահանման ծավալը կազմելու է 10.51 միլիոն բարել: 2014 թվականին այն կազմել է 10.58 միլիոն բարել: Զեկույցում նշված է, որ Ռուսաստանում նավթարդյունահանման անկման պատճառը ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու մյուս երկրների պատժամիջոցներն են, նոր խոշոր նախագծերի սղությունը, ինչպես նաև նավթի ցածր գները:

OPEC-ում հաշվարկել են, որ յուրաքանչյուր դոլարը, որով նվազում է նավթի միջին գինը, Ռուսաստանի վրա արժենում է 3 միլիարդ դոլարի չստացված եկամուտ: Այնպես որ եթե այս տարի մեկ բարել նավթի միջին գինը կազմի 55 դոլար, ապա Ռուսաստանը չի ստանա 135 միլիարդ դոլար՝ համեմատած 2014 թվականի հետ:

Նավթային եկամուտների անկումը կհանգեցնի Ռուսաստանի ՀՆԱ-ի անկմանը: OPEC-ի փորձագետների հաշվարկներով՝ 2015 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ն անկում կապրի 3.2 տոկոսով: Ավելի վաղ կանխատեսվում էր, որ ՀՆԱ-ի անկումը կկազմի մոտ 2.4 տոկոս:

Տեսանյութեր

Լրահոս