«Մինսկը չունի որևէ մանդատ Արևմուտքի կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ». Պորտնիկով

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել ինչպես՝ Մինսկում, այնպես էլ՝ Բրյուսելում կամ Մոսկվայում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ուկրաինացի հեղինակավոր հրապարակախոս-վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը` անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցություններ հյուրընկալելու Մինսկի առաջարկություններին:

Վիտալի Պորտնիկովը, համեմատելով Մինսկում տեղի ունեցող «Նորմանդական քառյակի» բանակցություններն ու Մինսկի՝ ԼՂ-ին վերաբերող նախաձեռնությունը, ասաց, թե սա այն դեպքն է, երբ ախորժակն ուտելուց է բացվում: Ըստ ուկրաինացի վերլուծաբանի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համարվելով Եվրոպայի վերջին բռնապետը՝ մեկուսացված լինելով եվրոպացի քաղաքական գործիչների կողմից, ուկրաինական ճգնաժամի ֆոնին վերածվել է իրական խաղաղարարի, իր հարկի տակ ընդունելով Եվրոպայի մեկ այլ «վերջին բռնապետին» և իր հարևանին` Վլադիմիր Պուտինին, հստակ հասկանալով, որ իր համար նոր հնարավորություններ են ընձեռվել: Մասնավորապես, ըստ Պորտնիկովի, խոսքը Ռուսաստանի և Եվրոպական միության միջև մանևրելու հնարավորության մասին է: Սա, վերլուծաբանի գնահատմամբ, հատկապես կարևոր է այն գլոբալ տնտեսական ճգնաժամի ֆոնին, որը Ռուսաստանն է ապրում:

«Այդ ճգնաժամը նշանակում է, որ վաղ թե ուշ Մոսկվան չի կարողանալու այլևս Մինսկին քննադատել իր քաղաքականության համար, և Բելառուսը ստիպված է լինելու հրաժարվել ռուս-բելառուսական հարաբերությունների այն ձևաչափից, որը թույլ էր տալիս Ալեքսանդր Լուկաշենկոյին գոյատևել: Ուստի, որպեսզի ռուսական կրախը Բելառուսի համար մինիմալ կորուստներ արձանագրի, Լուկաշենկոյին անհրաժեշտ է հաստատել խաղաղարարի իր հեղինակությունը, և նրա դիվանագետները պարզապես ուղիներ են փնտրում նմանատիպ հաստատումների համար: Ակնհայտ է, որ բելառուսցի դիվանագետները ցանկանում են, որ Մինսկը հետսովետական տարածքում առկա տարբեր հակամարտությունների կարգավորման հարթակ դառնա: Ես վստահ չեմ, որ Բելառուսի նախարարի հայտարարություններն ավտոմատ կերպով նշանակում են, որ տեղի են ունենալու որոշակի փոփոխություններ ԼՂ հակամարտության շուրջ երկխոսության հարցում, քանի որ դա կախված է միայն Ադրբեջանից և Հայաստանից: Բայց կարելի է ասել, որ Բաքուն և Երևանը կարող են օգտվել Մինսկի հյուրընկալությունից, ոչ ավելին»,- մեկնաբանեց Վիտալի Պորտնիկովը:

Նրա համոզմամբ՝ բանակցություններ հյուրընկալելու և եզրափակիչ համաձայնագրերի մասին հայտարարելու համար Մինսկը չունի որևէ մանդատ Արևմուտքի կամ Ռուսաստանի կողմից: Նրա խոսքով` Մինսկն իրեն պարզապես դրսևորում է՝ որպես հյուրընկալող կողմ, և ոչ ավելին, այսինքն` հակամարտող կողմերի ղեկավարներն այստեղ կարող են հանդիպել՝ առանց անհանգստանալու իրենց անվտանգության և հեղինակության մասին: «Հենց այդ պատճառով Մինսկ կարող են գալ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները, հենց այդ պատճառով Մինսկ կարող են գալ նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Կան պարզապես տարբերություններ. Ուկրաինայի նախագահը չէր ցանկանա բանակցություններ վարել Դոնբասում իրավիճակի կարգավորման շուրջ՝ Մոսկվայում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել ինչպես՝ Մոսկվայում, այնպես էլ՝ Բրյուսելում և այլ մայրաքաղաքներում, քանի որ խնդիրներ չունեն, ինչպես Պորոշենկոն և Պուտինը: Այսինքն` Հայաստանի և Ադրբեջանի նախագահներից է միայն կախված ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների կառուցողականությունը: Մինսկը՝ որպես հարթակ, ունի բացառիկ նշանակություն ռուս-ուկրաինական երկխոսության համար, բայց չունի որևէ նշանակություն հայ-ադրբեջանական երկխոսության առումով»,- նման տեսակետ հայտնեց Վիտալի Պորտնիկովը:

Հիշեցնենք, որ օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության գծով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկն այցելել են Մինսկ, որտեղ նրանց ընդունել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը: Վերջինս հանդիպման ժամանակ հայտարարել է, որ բելառուսական կողմը պատրաստ է հյուրընկալել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ բանակցությունները. «Ես կցանկանայի հաստատել ԼՂ-ի վերաբերյալ խաղաղության բանակցություններն ընդունելու մեր պատրաստակամությունն այն ժամկետում, որը նախատեսված է ԵԱՀԿ-ի համապատասխան որոշումներով: Եթե անհրաժեշտ է, մենք կարող ենք ապահովել նաև բանակցային գործընթացի եզրափակիչ փուլի անցկացման տեղ՝ համապարփակ խաղաղության համաձայնագիր մշակելու համար»:

Բելառուսի արտգործնախարարը համանախագահների այցը Մինսկ որակել է՝ որպես պատմական. «Բելառուսը վճռականորեն աջակցում է ԵԱՀԿ-ի ջանքերին՝ ուղղված տարածաշրջանային անվտանգության ու կայունության ուժեղացմանը, գոյություն ունեցող ու ձգձգվող հակամարտությունների համար խաղաղ որոշումներ գտնելուն, ներառյալ՝ Ղարաբաղյան հակամարտությունը: Մենք պատրաստ ենք նաև ունենալ մեր ներդրումը, ինչպես որ մենք դա արել ենք ուկրաինական ճգնաժամի համատեքստում»: Ուշագրավն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր հերթին՝ հայտարարել էր, որ Մինսկում քննարկումներն արդյունավետ էին, և անհամբեր սպասում է Մինսկի խմբի բոլոր անդամների հետ աշխատանքին:

Ուշագրավն այն է, որ Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային կոնֆերանս հրավիրելու մասին որոշումն ընդունվել է 1992թ. մարտի 24-ին, ԵԱՀԿ անդամ պետությունների Նախարարների խորհրդի արտակարգ նիստում: Կոնֆերանսի ժամանակ հիմնվել էր Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը, որի առաքելությունը պետք է լիներ կրակի դադարեցումն ու Մինսկի խմբի կոնֆերանս հրավիրելը: Կարելի է ենթադրել, որ Ուորլիքն ակնարկում է հենց նման կոնֆերանսի մասին:

Տեսանյութեր

Լրահոս