Ով է Հայաստանի բենզինի և դիզվառելիքի շուկայի առաջատարը. Հետք
2010-ից ի վեր առաջին անգամ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կհրապարակի նոր տվյալներ բենզինի ու դիզվառելիքի շուկաներում գերիշխողների մասին: Ինչպես գրում է Հետքը, սա մի ոլորտ է, որտեղ մեծ գումարներ են պտտվում, և գերիշխողի դիրքը պատահական ընկերություններ չեն ձեռք բերում:
2011-ին հանձնաժողովի որոշմամբ՝ օրենքով նախատեսված կարգով «Սիթի Պետրոլ Գրուպ», «Ֆլեշ», «Ռան-Օյլ», «Մաքսհուր» ՍՊԸ-ները եւ «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ն ճանաչվել են ցանցերով գերիշխող ընկերություններ, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ունեցել է 4 եւ ավելի լցակայան: Սակայն սա նույնպես հին տվյալ է, քանի որ, ինչպես բազմիցս գրվել է մամուլում դեռ 2014-ին, «Միկայի» տեր Միխայիլ Բաղդասարովն իր նավթային ակտիվները, այդ թվում՝ լցակայանները, նավթային բազաներն ու գրասենյակային տարածքները վաճառել է ռուսական «Ռոսնեֆտին»՝ այդպիսով դուրս գալով նավթային շուկայից:
Սակայն Հետքի տեղեկություններով՝ ներկայում հենց ռուսական գիգանտն է բենզինի ու դիզվառելիքի ներկրման ոլորտի առաջատարը: «Ռոսնեֆտին» ՀՀ-ում ներկայացնում է «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ն, որը հիմնադրվել է 2013-ի դեկտեմբերի 19-ին «Ռոսնեֆտ Տեխնո Ս.Ա.» ընկերության կողմից: Պարբերականը նաև պատահական չի համարում, որ եթե վերջին տարիներին՝ մինչեւ 2013-ը ներառյալ, ՀՀ մտնող նավթամթերքը գլխավորապես բերվում էր թե Ռումինիայից եւ Բուլղարիայից, թե Ռուսաստանից, ապա արդեն 2014-ից կտրուկ ընկել են առաջին երկուսի մատակարարումները, փոխարենը՝ աճել ՌԴ-ից ներկրումները:
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում