Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնապես հավանություն է տալու Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Ընդլայնված ձևաչափով այդ հանդիպմանը ներկա են եղել նաև Հանրային խորհրդի հանձնաժողովների, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի և խորհրդի ենթահանձնաժողովների նախագահներ, կոլեգիայի անդամներ: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է խորհրդի անցած վեց տարիների գործունեության հաշվետվությունը՝ Հանրային խորհրդի տասներկու ոլորտային հանձնաժողովների կատարած աշխատանքները, ՀԽ փոքր խորհրդի նիստերի, ինչպես նաև խորհրդի լիագումար նիստերի ընթացքում քննարկված հարցերն ու կայացված որոշումները, հասարակական հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքները, ՀՀ Նախագահին, ՀՀ կառավարություն և պետական գերատեսչություններին ուղղված դիմումները, առաջարկներն ու որոշումները: Հանրային խորհրդի նախագահը խոսել է նաև իր ղեկավարած կառույցի առաջիկա երկու տարիների ծրագրերի մասին:

Հանրապետության Նախագահը հաջող գործունեության համար շնորհավորել է Հանրային խորհրդի նախագահին և խորհրդի բոլոր ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանը նշել է, որ այս տարիների ընթացքում չի եղել որևէ կարևոր հարց, որին Հանրային խորհուրդը քննարկումների, առաջարկությունների տեսքով իր մասնակցությունը չունենար և որ շատ կարևոր է՝ նաև սեփական նախաձեռնությունների տեսքով:

«Հաշվի առնելով անցած ճանապարհը՝ համոզված եմ, որ Հանրային խորհուրդն իր դերակատարությունը մշտապես պետք է ունենա Հայաստանի Հանրապետությունում, և պատահական չէ, ինչպես նշեց պարոն Մանուկյանը, որ մենք ուսումնասիրել ենք հատուկ օրենքի ընդունման հնարավորությունը: Ըստ մասնագետների այդ հնա-րավորությունը չկա, բայց պայմանավորվել ենք, որ դրույթներ ներառենք Սահմանադրությունում, որպեսզի հետո կարողանանք ձևավորել օրենսդրական դաշտը: Կարծում եմ, որ դրանից Հանրային խորհրդի ակտիվությունը կմեծանա: Շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար»,- Հանրային խորհրդի նախագահի հաշվետվությունից հետո ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիպման օրակարգի շրջանակներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է պետական հանձնաժողովի կողմից հաստատված՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների ժամանակացույցը և դրանց անցկացման աշխարհագրությունը, ոգեկոչման ծրագրի հիմնական նպատակներն ու խորհուրդը:

Կարդացեք նաև

Օրակարգի երրորդ հարցի վերաբերյալ ելույթ է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանը և Հանրային խորհրդի անդամներին հակիրճ ներկայացրել ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացի նախապատմությունը, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու նախադրյալները, նաև տեղեկություններ հաղորդել օրերս հանրապետության մի շարք քաղաքական ուժերի ներկա-յացուցիչների հետ կայացած իր հանդիպումների և դրանց ընթացքում տեղի ունեցած քննարկումների մասին:

Նախագահը նշել է, որ հայեցակարգում կարևորված են խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունները, այդ համակարգի առաջադիմական լինելը և որ հայեցակարգի վերաբերյալ դրական է արտահայտվել նաև Վենետիկի հանձնաժողովը: Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը խոսել է դեռևս չփարատված իր մտահոգությունների մասին, շեշտել, որ մասնագիտական հանձնաժողովը ևս նույն խնդիրների վերաբերյալ ընդգծումներ է կատարել հայեցակարգում: Հանրապետության Նախագահը տեղեկացրել է Հանրային խորհրդի անդամներին, որ այսօր պաշտոնապես հավանություն է տալու հայեցակարգին, ինչով սկսվելու են Սահմանադրության բուն տեքստի մշակման աշխատանքները, որոնց ընթացքում էլ քննության կառնվեն և լուծումներ կգտնվեն բոլոր հնարավոր հարցերի համար:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Տեսանյութեր

Լրահոս