Ինչպես կարող են տեխնոլոգիաները լուծել մարդկության առաջնահերթ խնդիրները. 2019թ. ՏՏ համաժողովի ուղղություններից մեկը
Մի քանի տարի անց՝ 2019թ., Հայաստանում տեղի կունենա Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ամենաճանաչված և հայտնի միջոցառումներից մեկը՝ ՏՏ Համաշխարհային համաժողովը: Ոլորտի հայ մասնագետների համար սա սպասված միջոցառում է և նախադեպը չունեցող հնարավորություն՝ Հայաստանն աշխարհին տեղեկատվական տեխնոլոգիաների տեսանկյունից ներկայացնելու համար:
«Հայկական ՏՏ ոլորտի առաջխաղացման մեծագույն խոչընդոտներից է աշխարհին անհայտ լինելը։ Համաշխարհային կոնգրեսն անփոխարինելի հնարավորություն է Հայաստանի դիրքավորման համար՝ որպես բարձր տեխնոլոգիական երկիր»,- 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:
Նրա խոսքով, տարածված կարծիք կա՝ արդյոք Հայաստանն արժանի՞ է այս ընտրությանը, իսկ պատասխանը հստակ է՝ միանշանակ արժանի է, քանի որ մենք հավակնոտ, բայց իրատեսական ծրագրեր ենք իրականացնում Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ուղղությամբ։
«Ծրագրեր, որոնց ընթացքն ու, առավել ևս, սպասվող արդյունքները պատիվ կբերեն ցանկացած երկրի, որը տեխնոլոգիական կամ ինովացիոն երկիր լինելու հայտ է ներկայացնում։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական փոքրաթիվ համայնքը լուրջ հաջողություններ է արձանագրում։ Պետք է հանենք մեր միջից այս թերարժեքության զգացմունքը, և մեր հաջողությունները կբազմապատկվեն»,- ասաց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է օրակարգին, ապա, ըստ Հ. Չոբանյանի, ներկայացվելու են աշխարհի մարտահրավերները տարբեր ոլորտներում՝ առողջապահություն, շրջակա միջավայր, աղետներ, կրթություն, և այլն։ Քննարկման առանցքային հարցերից մեկն էլ լինելու է այն, թե ինչպես կարող են տեխնոլոգիաները լուծել մարդկության առաջնահերթ խնդիրները. «Հայաստանը պիտի հավաքի ոլորտի հզորագույն մարդկանց և կազմակերպություններին՝ քննարկելու այս լուծումները։ Օրակարգը հիմնականում կսկսենք ձևավորել 2017 թվականից, քանի որ այս ընթացքում դեռ շատ մեծ փոփոխություններ կունենանք»։
Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Եվա Հյուսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով 2019թ. համաժողովին՝ նշեց, որ այն Հայաստանին նախևառաջ կտա իմիջ, կնպաստի նաև ներսի բրենդինգին, ներքին հավատ կհաղորդի, որ մեր ՏՏ ոլորտն իսկապես աշխատում է և հաջողություններ գրանցում:
Հարցին, թե Հայաստանի տեխնոլոգիական ո՞ր նորարարություններն են առավել հաջողված և ներկայանալի աշխարհի համար, Ե. Հյուսյանը պատասխանեց. «Հայաստանն արդեն շատ բան ներկայացնում է աշխարհին, մեր հավելվածները մտնում են թոփ-50-ի մեջ, անդրազգային կորպորացիաներն այստեղ գնում են ընկերություններ և բացում հետազոտական ընկերություններ: Աշխարհում Հայաստանն այս ոլորտով արդեն ճանաչելի է, առավելությունների հետ կապված՝ մենք հստակ ֆոկուս չունենք, կան հեռախոսային հավելվածների ձեռքբերումներ, ամպային լուծումներ, ինժեներության ոլորտ, մոնիտորինգ համակարգեր, և այլն: Ունենք ինժեներական տաղանդ և ձեռներեցության ոգի, որոնք այսօր իրար գտել են և միասին լավ էֆեկտ են տալիս, որին չեն կարող ազդել կառավարությունը, քաղաքական համակարգերը»:
Նախատեսվող համաժողովը և ՏՏ այլ միջոցառումներ, ըստ մեր զրուցակցի, չեն կարող պատճառ դառնալ ոլորտի մասնագետների արտագաղթին այն պատճառով, որ սա որոշակի մակարդակի հասած Հայաստանի և ամբողջ աշխարհի ծրագրավորողների համար սովորական դարձած երևույթ է: Կա հակառակ տենդենցը. այստեղ ոլորտի ներկայացուցիչները հիմնում են ընկերություններ և բացում օֆիսներ դրսում՝ իրենց ժամանակի 70 տոկոսն անցկացնելով երկրում:
«Նորաստեղծ ձեռնարկությունների համար հարկային պայմանները լավն են, եկամտահարկը՝ 10 տոկոս, մեծ կորպորացիաների համար, ինչպիսիք են՝ Google-ը, Microsoft-ը, իրենց օրենքները չեն հետաքրքրում, նրանք ավելի կարևորում են կադրերին, նրանց համար չկան խանգարող խոչընդոտներ: Օրինակ, ամենաթարմն «Օրակլ» ընկերության գործունեությունն է: Միայն պետք է կրթության ոլորտում ներդրումներ անել, ստեղծել հարթակ, որտեղ երիտասարդները կմտնեն և որպես մասնագետ դուրս կգան: Մենք այսօր կրթության մասսայականության և իրազեկվածության բարձրացման խնդիր ունենք»,- տեղեկացրեց Ե. Հյուսյանը:
Նորից անդրադառնալով համաժողովի անցկացմանը՝ նշենք, որ դեռ վերջերս Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) գլխավոր քարտուղար Դոկտոր Ջեյմս Փոիսանտը ՏՏ ոլորտի ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանի հետ զրույցում ընդգծել էր, որ Հայաստանը պետք է հնարավորինս լավ պատրաստվի այս իրադարձությանը, պետությունը պետք է աջակից լինի, որպեսզի երկար գան ճիշտ մարդիկ, ովքեր հետագայում ներդրումներ կանեն, պատվերներ կտան կամ պարզապես կսիրեն երկիրը և նորից կայցելեն՝ որպես տուրիստ: Իսկ մինչ այդ ՏՏ-ի հայկական ընկերությունները պետք է կարողանան ստեղծել այնպիսի տեխնոլոգիական նորարարություններ, որոնք զարմանք կպատճառեն կոնֆերանսի մասնակիցներին: