Վիտամինները խոչընդոտում են ծերության շրջանում ուղեղի ծավալի փոքրացմանը
Վիտամինների որոշ խմբեր, ինչպես նաև Օմեգա-3 չհագեցած ճարպաթթուները կանխում են ուղեղի ծավալի փոքրացումը ծեր մարդկանց մոտ և օգնում են պահպանել բարձրագույն հոգեկան ֆունկցիաները։
Այսօր արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նորմալ սնունդն ուղիղ կերպով ազդում է մարդու առողջական վիճակի վրա։
Բոլորն էլ գիտեն, որ եփված ու շոգեխաշած սնունդն օգտակար է, իսկ տապակածը՝ ոչ։
Օրեգոնի համալսարանի գիտնականները որոշեցին հետազոտություն անցկացնել, որի նպատակը մարդու սննդակարգի՝ ծերության շրջանում ուղեղի աշխատանքի վրա ունեցած ազդեցության ուսումնասիրությունն էր։
Հետազոտության անցկացման համար ընտրվեցին 104 ծերեր, որոնց միջին տարիքը 87 տարեկանն էր։ Պետք է նշել, որ բոլոր այս մարդիկ չունեին ծերունական տկարամտության և Ալցհեյմերի հիվանդության նշաններ։
Բացի դրանից՝ փորձի պարտադիր պայմանը մասնակիցների կողմից հոգեբանական թեստեր անցնելն էր, որոնց նպատակը փորձի մասնակիցների հոգեկան վիճակի որոշումն էր։
Իսկ ինչ վերաբերում է սննդակարգին, ապա տվյալ իրավիճակում գիտնականները հիմք են ընդունել արյան անալիզի արդյունքները։ Հենց դրա օգնությամբ էլ հնարավորություն ստեղծվեց որոշել վերջին մի քանի օրում ընդունած սննդամթերքի բազմազանությունը որոշող բիոմարկերների մակարդակը։
Եվ վերջապես, ուղեղի գործունեության վիճակի ճշգրիտ որոշման համար մասնակիցներն անցան ՄՌՏ հետազոտություն։
Գիտնականները նշում են, որ նրանք առաջիններից մեկը եղան, որ իրենց հետազոտությունների համար ոչ թե ավանդական հարցաշարեր օգտագործեցին, այլ փորձարկման մաքսիմալ ճշգրտությանը հասնելուն միտված ժամանակակից տեխնիկա։
Անցկացված հետազոտությունների արդյունքները չզարմացրին գիտնականներին։ Նրանք սահմանեցին, որ В, С, D, E վիտամինները դրական են ազդում ուղեղի ակտիվության վրա և օգնում են պահպանել մտքերի հստակությունը։
Բացի դրանից՝ այս միացությունները խոչընդոտում էին ուղեղի ծավալի փոքրացմանը։
Պետք է շեշտել, որ հետազոտությունների արդյունքների մշակման փուլում հաշվի էին առնվում նաև փորձի մասնակիցների վնասակար սովորությունները, այնպիսիք, ինչպիսիք են ծխելը և ալկոհոլի օգտագործումը։
Չի կարելի շրջանցել նաև արդյունքների վրա մասնակիցների կրթական մակարդակի ունեցած ազդեցությունը։
Հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ մեծ քանակությամբ ձկնեղենի և բանջարեղենի գործածումը դրականորեն է անդրադառնում մարդու մտավոր գործունեության վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ