Ուլտրամանուշակագույն ճառագայթները բացասաբար են ազդում մաշկի վրա անգամ մթության մեջ
Մեր մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող մելանինի մոտ հայտնաբերել են «մութ կողմ»: Պարզվել է, որ այդ ֆերմենտի մոլեկուլները կարող են ներծծել ուլտրամանուշակագույն ճառագայթման էներգիան և վնասել բջիջների ԴՆԹ-ն նույնիսկ այն ժամանակ, երբ մենք արդեն վաղուց ստվերում ենք:
ՈւՄ (ուլտրամանուշակագույն) ճառագայթներն առաջացնում են ԴՆԹ-ի մուտացիաներ, ինչի հետևանքով ձևավորվում է մաշկի քաղցկեղ (մելանոմային ուռուցքներ): Թվում է, թե բավական է թաքնվել ՈւՄ ճառագայթներից կամ ծածկել մաշկն արևապաշտպան քսուքով, և մեզ այլևս վտանգ չի սպառնա, բայց ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Մկների վրա հետազոտություններ կատարելիս պարզվել է, որ նրանց մելանոցիտներում (մելանին պարունակող բջիջներ) ԴՆԹ-ի վնասվածքներն ի հայտ են գալիս անգամ ճառագայթումից մի քանի ժամ հետո: Փաստորեն, մելանինը, որն ունի ՈւՄ ճառագայթներ կլանելու հատկություն, նպաստել է մուտացիաների առաջացմանը ԴՆԹ-ում: Ընդ որում, գոյություն ունի մելանինի երկու տեսակ՝ էումելանին (շագանակագույն) և ֆեոմելանին (դեղին), և դրանք երկուսն էլ առաջացնում են ԴՆԹ-ի վնասվածքներ, բայց հետազոտությունները ցույց են տվել, որ ավելի շատ նման հակում ունի ֆեոմելանինը: Իրոք որ, մաշկի քաղցկեղը, ըստ վիճակագրական տվյալների՝ առավել հաճախ հանդիպում է հենց բաց գույնի մաշկ և մազեր ունեցող մարդկանց մոտ:
Մելանինը մենակ չի գործում: Արևի լույսը, հասնելով երկրի մակերևույթ, իր մեջ կրում է նաև ՈւՄ ճառագայթներ, որոնք կարելի է բաժանել երկարալիք և կարճալիք ճառագայթների: Այդ երկուսն էլ հանգեցնում են մելանինի գրգռման, և այն արդեն կարող է հանգեցնել մուտացիայի:
Մկների վրա կատարված փորձերի արդյունքները հաստատվել են նաև մարդկային բջիջների կուլտուրաների համար: Փաստորեն՝ ազատ ռադիկալներն ու մելանինը ստեղծում են ՈւՄ ճառագայթման էներգիայի պահուստ մաշկում, և հենց այդ պատճառով էլ այդ վնասակար ազդեցությունը շարունակվում է անգամ՝ երբ մենք դուրս ենք գալիս բաց արևի տակից: Ստացվում է, որ այն պիգմենտը, որ պաշտպանում է մեզ ՈւՄ ճառագայթումից, միաժամանակ նաև նպաստում է ԴՆԹ-ի մուտացիաների առաջացմանը:
Մելանոմային ուռուցքները դասվում են առավել ագրեսիվ ուռուցքների շարքին: Հուսանք, որ մոտակա ապագայում հնարավոր կլինի գտնել այդ պիգմենտը վնասազերծելու կամ դրա գրգռումը կանխելու միջոց: Հնարավոր է, որ կրկին կդիմենք հին ու բարի հակաօքսիդանտներին, չէ՞ որ, ինչպես նշվեց, թթվածնային ռադիկալները վերջին դերը չէ որ կատարում են մելանինի ակտիվացման մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ