Բաժիններ՝

«Գողականների սպանության դեպքի վայրն ընտրվել է սիմվոլիկ ձևով»

Հոգեբանության գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով օրերս «Նուբարաշեն» ՔՀԿ-ի մոտ 3 քրեական հեղինակությունների սպանության դեպքի մասին, նշեց, որ քրեական աշխարհում նման երևույթները շատ են, և դա արտառոց դեպք չէր.

«Սա քրեական աշխարհին բնորոշ վարվելակերպ է, ոչ թե՝ մեր հասարակությանը: Այն, որ ցերեկով է եղել դեպքը, ոչ մի նշանակություն չունի, իսկ դեպքի վայրն ընտրվել է սիմվոլիկ ձևով»:

Նա նկատեց, որ միշտ էլ քրեական աշխարհի և իշխանությունների միջև կապը եղել է: Ըստ նրա՝ նրանք շատ հաճախ իրար միջոցով ինչ-որ հարցեր են լուծում. «Այս կապը կա և՛ մեր երկում, և՛ արտասահմանում»:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը համաձայնեց, որ այս կարգի երևույթները բոլորշ են բոլոր երկրներին:

Նրան անհանգստացնում է այն, որ բացահայտ կերպով մեր հասարակությունը առաջնորդվում է քրեական օրենքներով: Նրա խոսքով՝ մեր հասարակության մեջ առկա է կրիմինալ ռոմանտիկան.

«Այն, թե ինչպես ենք մենք իրար հետ շփվում, որ քաղաքավարի խոսելը համարվում է թուլության նշան, եթե տղամարդ ես, պետք է անպայման սպառնալիքներով խոսես, պետք է մռութ ջարդես, քրեական լեզվով՝ «նակազատ» անես: Սա այն իրավիճակն է, երբ չգրված օրենքները, դառնում են ավելի կարևոր, քան գրված օրենքները: Մենք սա տեսնում ենք ամեն քայլափոխի: Քրեական աշխարհի սկզբունքները դարձել են հասարակության ապրելու սկզբունքները»:

Ըստ Ռ. Բաբայանի՝ աա գալիս է հին ժամանակներից, որովհետև մշտապես իշխանությունները մոտ են եղել քրեական աշխարհի հետ. «Կարծում եմ՝ նաև մեր կյանքում, որտեղ կա սեփականության վերաբախշման հարցը, հիմնականում դա փորձում են լուծել քրեական տարրերի միջոցով»:

Ռ. Բաբայանը նկատեց, որ մենք մտածողությունը փոխելու խնդիր ունենք: Հակառակ դեպքում, ըստ նրա՝ նման դեպքերն ավելի դեմոնստրատիվ կլինեն:

Հարցին՝ տարին սկսեցինք գողական ինչ-որ «սխոդկայով», հիմա էլ այս դեպքը եղավ, ի՞նչն է պատճառը, որ Հայաստանը դարձել է ոչ միայն հայ, այլև՝ այլ ազգի գողերի սիրած վայրը, Ռ. Բաբայանն այսպես պատասխանեց.

«Երևի ինչ-որ համապատասխան հող են այստեղ գտնում: Ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասաց, որ հազար անգամ լավ է՝ այստեղ գողերը հավաք անեն, քան միասեռականները: Այս ամենի դեմ պայքարելու միայն մի ձև կա՝ այս ամենի մաս չդառնալ և առաջնորդվել այլ սկզբունքներով: Եթե դու այդ համակարգի մասը չես, դու կարող ես դրա դեմ պայքարել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս