ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի ստորագրած համաձայնագրերը ենթակա չեն վերանայման. Ուսուպաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին երեկ հայտարարել է, որ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի ստորագրած համաձայնագրերը ենթակա չեն վերանայման, և որ դրանք իրագործվելու են:
Ուսուպաշվիլին այդ կերպ է մեկնաբանել ոչ վաղ անցյալում ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինիի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունները:
Ուսուպաշվիլին հայտարարել է, որ ԵՄ-ի հարևանության քաղաքականության հարցում իրենք շատ ամուր կանգնած են ոտքի վրա: Նա հավելել է, որ Ասոցացման համաձայնագրով նախատեսված միջոցառումներն իրականացվելու են, և որ դա ճիշտ ճանապարհ է:
Մողերինին չորեքշաբթի հանդիպել էր ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնի հետ, որի ժամանակ քննարկվել է Եվրոպական հարևանության քաղաքականության ապագան:
Հանդիպման ժամանակ ընդգծվել էր այն սկզբունքների հիմնարար վերանայման անհրաժեշտությունը, որոնց վրա հենված է Եվրոպական հարևանության քաղաքականությունը:
Անդրադառնալով Օլանդի հայտարարությանը՝ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ այդօրինակ հայտարարությունները չեն կարող փոխել Վրաստանի ու ՆԱՏՕ-ի միջև ստորագրված համաձայնագրերի բովանդակությունն ու էությունը, և որ ՆԱՏՕ-ում որոշում է կայացնում ոչ թե մեկ երկիր, այլ՝ բոլոր երկրները: