2014 թվականին ԱՄՆ-ի բնակիչները տնային կենդանիների վրա ծախսել են 58 միլիարդ դոլար
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի բնակիչները 2014 թվականին տնային կենդանիների վրա ծախսել են 58 միլիարդ դոլար, ինչը 4.2 տոկոսով ավելին է՝ համեմատած դրա նախորդ տարվա հետ: Այս մասին հայտարարել է Կենդանիների համար ապրանքներ արտադրողների ամերիկյան ասոցիացիան:
Ծախսերը հիմնականում բաժին են ընկել սննդին. 2014 թվականին այդ նպատակով ծախսվել է 22 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում անասնաբուժական սպասարկումն է՝ 15 միլիարդ դոլար:
Ընդ որում, կենդանիների տերերը գնալով ավելի հաճախ են սկսել գումարներ ծախսել ոչ միայն կենսական անհրաժեշտության բժշկական ընթացակարգերի, այլև՝ այնպիսի էկզոտիկ ընթացակարգերի վրա, ինչպիսիք են պլաստիկ վիրահատությունները:
Ծախսերի հարցում երրորդ տեղը զբաղեցրել են կենդանիների համար նախատեսված տարբեր առարկաները՝ վզկապներ, կերամաններ և մի շարք դեղատեսակներ: Այս ամենի վրա նախորդ տարի ծախսվել է 14 միլիարդ դոլար: Եվս 4.8 միլիարդ դոլար բաժին է ընկել վարսավիրներին, հյուրանոցներին, զբոսանքի տանող մասնագետներին ու կենդանիներին հետևողներին:
Ծախսերի կատեգորիայում ամենաարագ աճող տեմպն ունեն արտասովոր ծառայությունները: Օրինակ, վերջին շրջանում կենդանիների տերերը գնալով ավելի շատ են նրանց տանում սպա-սրահներ, ուր նրանց անում են մասաժ և տարբեր տիպի կոսմետիկ ընթացակարգեր:
Անմիջականորեն կենդանիների գնման վրա ծախսվում է 2.15 միլիարդ դոլար: Ասոցիացիայի տվյալներով՝ ԱՄՆ-ում բնակվում է 397 միլիոն տնային կենդանի: Նրանցից 96 միլիոնը կատուներ են, իսկ 80 միլիոնը՝ շներ: 2014 թվականին ԱՄՆ-ում շնատեսակների թվում արդեն 24 տարի անընդմեջ շարունակում են մնալ լաբրադորները: