![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայի կառավարությունը երկու ամսում մրցույթ կհայտարարի Ստամբուլի ջրանցքի մասշտաբային նախագծի համար
![](https://168.am/wp-content/uploads/2015/03/kanal_istanbul.jpeg)
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչապետության ժամանակ առաջ քաշված Ստամբուլյան ջրանցքի նախագծում նոր զարգացումներ են սպասվում: Ակնկալվում է, որ կառավարությունը երկու ամսվա ընթացքում մրցույթ կհայտարարի՝ նախագիծը կյանքի կոչելու համար:
Ստամբուլյան ջրանցքը պետք է կառուցվի Ստամբուլ քաղաքից հյուսիս և միմյանց է կապելու Սև և Մարմարա ծովերը՝ դրանով իսկ թեթևացնելով Բոսֆորի նեղուցի ծանրաբեռնվածությունը: Ջրանցքի երկարությունը կազմելու է 45 կիլոմետր, լայնությունը՝ 400 մետր: Ջրանցքի վրա կառուցվելու է 6 կամուրջ, նախագիծը գնահատվում է 20 միլիարդ դոլար:
Էրդողանն այդ նախագծի մասին բարձրաձայնել էր 2011 թվականին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից առաջ: Պլանավորված է նաախագիծն իրագործել մինչև 2023 թվականը, երբ Թուրքիայում կնշեն հանրապետության հիմնադրման 100-ամյակը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Էրդողանը հրահանգել է արագացնել Ստամբուլի ջրանցքի կառուցումը:
Էրդողանի երազանքների թվում է նաև սևծովյան Սամսունից մինչև միջերկրածովյան Յումուրթալըք ջրանցք փորելը, ինչի մասին նույնպես հայտարարվել է 2011 թվականին: Պլանավորված է, որ Փոքր Ասիա թերակղզու մեջտեղով անցնելիք այդ ջրանցքով («թուրքական Սուեզի ջրանցք») միաժամանակ կարող են երթևեկել միջին մեծության երկու նավեր: Ջրանցքն ունենալու է մոտ 500 կիլոմետր երկարություն, 80 մետր լայնություն և 22 մետր խորություն:
Ջրանցքը մեկնարկելու է սևծովյան Սամսուն քաղաքից 15 կիլոմետր դեպի արևելք ընկած հատվածից, ապա անցնելու է Քայսերի քաղաքից մոտ 50 կիլոմետր դեպի արևելք ընկած հատվածով և ի վերջո հասնելու է Յումուրթալըք քաղաք` Միջերկրական ծով: Նախագիծը կարող է կյանքի կոչվել մինչև 2023 թվականը: Էրդողանի խոսքերով՝ ջրանցքը փորելիս կարող են հայտնաբերվել օգտակար հանածոներ, ինչը կփոխհատուցի ֆինանսական ծախսերի մի մասը: