
Բուլղարիան և Ադրբեջանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սոֆիայում տեղի է ունեցել Բուլղարիայի ու Ադրբեջանի նախագահներ Ռոսեն Պլևնելիևի ու Իլհամ Ալիևի տետ-ա-տետ հանդիպումը:
Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական, տնտեսական, էներգետիկ, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում երկու երկրների միջև երկկողմ կապերի հաջող զարգացման համար:
Ընդգծվել է բարձր մակարդակի փոխադարձ այցերի կարևորությունը, ինչպես նաև այն, որ Ալիևի բուլղարական այցն էլ ավելի կամրապնդի երկկողմ հարաբերությունները: Կողմերն ընդգծել են համագործակցության ընդլայնման համար մեծ հեռանկարների ու լավ հնարավորությունների առկայությունը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև միջազգային հարցեր: Հանդիպման ավարտին երկու երկրների նախագահները ստորագրել են «Բուլղարիայի ու Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր»: