Զարուհի Փոստանջյանն՝ ընդդեմ Գևորգ Կոստանյանի «անգործության». դատը մեկնարկել է

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունը: Հունվարի 29-ին պատգամավորը Գյումրիում Ավետիսյանների սպանության դեպքի հետ կապված հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին և այժմ բողոքարկում է, իր խոսքով ՝ՀՀ գլխավոր դատախազի անգործությունը և խնդրում վերացնել այդ անգործությունը:

Զարուհի Փոստանջյանը դատախազից պահանջել էր քրեական գործ հարուցել ապօրինի կերպով զենք փոխադրելու փաստի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդված), Վալերի Պերմյակովին ապօրինի ձերբակալելու, տեղափոխելու և 102-րդ ռազմաբազայում պահելու վերաբերյալ արդարադատության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ նախատեսող համապատասխան հոդվածներով ՀՀ իրավապահ մարմինների, ՌԴ սահմանապահ զորքերի ներկայացուցիչների և 102-րդ ռազմաբազայի ղեկավարության իր գնահատմամբ թույլ տրված ապօրինությունների փաստի առթիվ, Վալերի Պերմյակովի կողմից կատարված պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդված):

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ հաղորդումը ներկայացնելուց արդեն մետ 1 ամիս է անցել, բայց այդպես էլ գլխավոր դատախազից պատասխան չունեն. «Այս պահին դատարանում վիճարկում ենք դատախազի կողմից թույլ տված անգործությունը»:

Բողոքը ներկայացնելիս Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց ՀՀ քննչական կոմիետի հայտարարությունը, համաձայն որի՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ինքնաձիգ, ինքնաձիգից արձակված պարկուճներ, պահունակ՝ փամփուշտներով, ՌԴ զինծառայողի տարբերանշանով զինվորական համազգեստ, զինվորական կոշիկներ։

Պարզվել է, որ դրանք պատկանում են Պերմյակով ազգանունը կրող անձին, ով հանդիսանում է Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմական բազայի ժամկետային զինծառայող։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ Պերմյակովի զինակիցները, տուժածների հարազատները, հարևանները:

Պատգամավորը հիշեցրեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի  2015թ. հունվարի 12-ի հնչեցրած հայտարարությունը. «…Ոչ մեկ ինքնուրույն ոչինչ չի անում, ես եմ գլխավորում օպերատիվ խումբը և ոչ մեկ չի կարող ինքնուրույն փնտրել նրան, համագորակցված ենք աշխատում, նշեցի արդեն, որ նաև Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցների հետ… Այս պահի դրությամբ գտնվելու մասին ռեալ տեղեկություններ չկան, կարծում եմ, կարող ենք ենթադրել, որ նպատակը փախուստի դիմելն է և շատ արագ Հանրապետությունից դուրս գալը…»:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ լրագրողների հարցին՝ «դեպքի առնչությամբ ինչ-որ պարտավորվածություն ունի՞ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը գտնելու կամ, առհասարակ, որքանո՞վ են ներգրավված», Հունան Պողոսյանը պատասխանել է. «Դեպքի առնչությամբ իրենք ներգրավված են այնքանով, որքանով որ մենք գտնում ենք նպատակահարմար և կրկնվում եմ ու ասում՝ համագործակցում ենք լուրջ և անկեղծ շահագրգռվածություն եմ իրենց բոլորի կողմից տեսնում»:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ՀՀ իրավապահները չեն բռնել Ավետիսյանների սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին, ասել է. «Ես էդ հարցին պատասխանել եմ, մի հատ էլ կպատասխանեմ. մեր համար խնդիրը կայացել է և բոլոր նման դեպքերում կայանում է նրանում, որ ով բռնեց` ինչ-որ գյուղացի, քաղաքացի, ոստիկան, ես չգիտեմ ով, դերասան (սիրում եք ասել) խնդիրը դրվում է էդպես՝ վերցնել և ստեղծել այնպիսի իրավիճակ, որպեսզի հանցագործը չկարողանա տվյալ տարածքից դուրս գալ, որպեսզի հանցագործը զգուշանա նոր հանցագործություններ կատարելուց, որպեսզի ստիպված լինի կամ մի տեղ ծպտվի, քողարկվի կամ սպասի ինչ-որ մի ժամի, ինչ-որ մի ժամանակի, որպեսզի կարողանա գործողություններ անել: Մեր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի ապահովել նման երևույթները: Իհարկե, մեր համար հասկանալի և ընկալելի էր, և մենք ստեղծել ենք էնպիսի իրավիճակ, որ որոշակի կանախատեսում էլ ունենք հնարավոր տասնյակ տարբերակներից, որ նա սահման պետքա ձգտի գնա, որովհետև, մտածելով, որ ինչ-որ էտ տեղանք կարողա իմանա, և մենք, անկեղծ ասեմ, դեպքից մի երկու ժամ առաջ ինֆորմացիա ստացել էինք, ու երեսունհինգ հոգանոց խումբը գնացել էր, մի հատվածը նայել էր»:

Պատգամավորը դատարանում հիշեցրեց Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության հաղորդագրությունը, համաձայն որի՝ հունվարի 13-ին` ժամը 00:15-ին, սահմանապահ խումբը սահմանից մոտ 2000 մ հեռավորության վրա նկատել է անհայտ անձի, ով շարժվում էր դեպի պետական սահմանը. «Թույլ տալով անհայտ անձին մոտենալ հայ-թուրքական սահմանապահ կարգախմբին՝ կարգախմբի ավագը հրամայել էր նրան կանգ առնել, սակայն նա շարունակել էր քայլել: Այնուհետ սահմանապահը բացականչել է. «Կանգ առ, այլապես կկրակեմ», սակայն դա էլ չի կանգնեցրել նրան: Դրանից հետո կարգախմբի ղեկավարն իրականացրել է մեկ նախազգուշական կրակոց դեպի վեր ԱԿ-74 ավտոմատից, որով ստիպել է օրինախախտին պառկել գետնին: Այսպիսով, հաջողվել է օրինախախտին ձերբակալել Բայանդուր գյուղից 700 մ դեպի հյուսիս հեռավորության վրա: Սահմանախախտը քաղաքացիական հագուստով է եղել:

Զննության ընթացքում անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերվել, ունեցել է բջջային երեք հեռախոս, գրպանի էլեկտրական լապտեր, 6 հազար դրամ: Ֆիլտրացիոն միջոցառումների  ընթացքում հաստատվել է, որ ձերբակալվածը 102-րդ ռազմական բազայի զինծառայող շարքային Վ.Պ. Պերմյակովն է: Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ գեներալ-մայոր Վ.Վ. Բիրյուկովի որոշմամբ` ձերբակալվածը  հանձնվել է 102-րդ ռազմական բազայի հրամանատարին` կայազորի ռազմական դատախազի և ռազմաքննչական բաժնի ներկայացուցիչների ներկայությամբ»:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների տանը զննությամբ հայտնաբերված ինքնաձիգը և պարկուճներն, ըստ նախնական տվյալների, պատկանել են 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին: «Տվյալ զենքը ապօրինի դուրս է բերվել Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայից, ինչն իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված արարք՝ ապօրինի կերպով զենք փոխադրելը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը` նշելվ, որ հունվարի 13-ին ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողները ձերբակալել են պետական սահմանը ապօրինի հատելու փորձ կատարող անծանոթ անձի, որը, հետագայում պարզվել է, Վալերի Պերմյակովն է:

Նրա խոսքով՝ ՌԴ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու ցանկացած դեպքում պարտավոր են կատարել 1992թ.«Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» պայմանագրով նախատեսված գործողությունները, որոնք, ըստ նրա, բացառում են ՌԴ սահմանապահ զորքերի ներկայացուցիչների կողմից ինքնուրույն հետաքննչական գործողություններ իրականացնելը և սահմանում են ՀՀ ԱԱԾ և իրավապահ մարմինների հետ համատեղ օպերատիվ հետախուզական աշխատանք, պետական սահմանը խախտելու վերաբերյալ համատեղ հետաքննություն և համատեղ անհետաձգելի գործողություններ:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողները Վալերի Պերմյակովին ապօրինի ձերբակալել և հանձնել են 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներին, իսկ ՀՀ իրավապահ մարմինների կողմից չի կանխվել այդ ապօրինությունը՝ չնայած պաշտոնապես հայտարարվել էր, թե ՀՀ իրավապահ մարմինների կողմից ճանապարհները վերահսկվում են և բոլոր գործողությունները կատարվում են համատեղ: Ներկայումս էլ, Զարուհի Փոստանջյանի խոսքով, Վալերի Պերմյակովն ապօրինի է գտնվում ռուսական ռազմաբազայում:

Դատախազ Գևորգ Գևորգյանն ասաց, որ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման: Նրա խոսքով՝ Զարուհի Փոստանջյանի գրությունը գլխավոր դատախազությունում մուտք է եղել 2015թ. հունվարի 30-ին, որն իրեն մակագրվել է փետրվարի 3-ին և նույն օրը այն ուղարկվել էՀ ՀՀ քննչական կոմիտեին՝ նշված հարցերին պարզաբանումներ տալու և անհրաժեշտության դեպքում ստուգումներ կատարելու նպատակով, այտեղից էլ պատասխան է ուղարկվել: Գևորգ Գևորգյանի խոսքով՝ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը հարուցվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով:

Դատախազի խոսքով՝ ներկա դրությամբ քրեական գործը գտնվում է ապացույցների հավաքման, գնահատման փուլում և եթե հարկ առաջանա, ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նոր գործ կհարուցվի կամ առաջադրված մեղադրանքը կփոփոխվի, դա կախված է նրանից, թե ինչպիսի լրացուցիչ ապացույցներ ձեռք կբերվեն: Դատախազի խոսքով՝ գրության մեկ օրինակը ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ իրավապահ մարմինների կողմից կատարված գործողությունների գնահատականների մասով:

Զարուհի Փոստանջյանի ներկայացուցիչը ժամանակ խնդրեց ծանոթանալու դատախազի կողմից ներկայացված փաստաթղթերին: Դատական նիստը հետաձգվեց. այն կշարունակվի մարտի 3-ին:

Տեսանյութեր

Լրահոս